Noticias en idioma armenio

ՀՅԴ տասը առաջարկները` ընտրական օրէնսգիրքի փոփոխութիւններու վերաբերեալ

fra-propuestaԸնտրական օրէնսգիրքին շուրջ ձեւաւորուած Ազգային ժողովի  աշխատանքային խումբի առաջին նիստին ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Արմէն Ռուստամեան ներկայացուց կուսակցութեան տասը առաջարկները:
Ստորեւ` տասը առաջարկները.
1. Վերացնել ընտրութիւնների անցկացման գործող տարածքային վարկանշային ընտրակարգը, անցում կատարել ընտրութիւնների բաց ցանկերով համապետական համամասնական ընտրակարգին:
2. Ընտրական մասնագիտացուած յանձնաժողովների համակարգի ձեւաւորում` ընտրութիւնների համար յստակ հասցէական պատասխանատուութիւն սահմանելու նպատակով: Միաժամանակ ընտրութիւններին մասնակցող կուսակցութիւններին կամ կուսակցութիւնների դաշինքներին, վստահուած անձանց միջոցով, լիազօրութիւն տալ լիարժէք հսկողութիւն իրականացնելու տեղամասային ընտրական յանձնաժողովների նկատմամբ:
3. Կուսակցութիւններին կամ կուսակցութիւնների դաշինքներին տրուող մանտաների առաւելագոյն 2/3 շեմի նուազեցում մինչեւ մանտաների ընդհանուր թուի 3/5-ը:
4. Բազմակի քուէարկութիւնները բացառող համապետական միասնական ցանցի ստեղծում:
5. Ընտրական իրաւունքի ազատ իրացման դէմ կիրառուող ֆինանսավարչական ներգործութիւնները կանխող եւ բացայայտող մեքանիզմների ներդրում` ուղղուած ընտրակաշառքի եւ վարչական պաշարի ազդեցութեան վերացմանը:
6. Ընտրութիւնների հնարաւոր կեղծիքների ծաւալ արձանագրող գործիքակազմի ստեղծում: Մասնաւորապէս, պատահական ընտրանքով առանձնացուած որոշակի թուով տեղամասերի ընտրութիւնների արդիւնքների ստուգման ու վերլուծութեան եզրակացութեան տարածումը ողջ ընտրութիւնների վրայ:
7. Ընտրութիւններից առաջ (ողջամիտ ժամկէտներով) դադարեցնել բարեգործական կազմակերպութիւնների կողմից բարեգործական գործունէութեան կատարումը, բացառել այն կուսակցութիւնների կամ դաշինքների մասնակցութիւնն ընտրութիւններին, որոնց անուանումները համընկնում են բարեգործական կազմակերպութիւնների անուանումների հետ:
8. Հանրային հեռուստատեսութեան եւ հանրային ռատիոյի անվճար տրամադրուող եթերաժամերի քանակի եւ հեռարձակման ժամերի վերանայում:
9. Ներդնել ընտրական ծախսերը սահմանափակող եւ վերահսկող միջազգային փորձին համապատասխան գործուն համակարգ:
10. Վերանայել եւ խորացնել ընտրական յանցագործութիւնների համար նախատեսուած պատժաչափերը:

Tags

Argentina
Arménia y Diáspora