Noticias en idioma armenio

Սեւերի ու սպիտակների համախտանիշի մասին

Արամ Շահնազարեան

Candidato Yelk«Այսօր Հայաստանում իրավիճակը շատ պարզ է. կան սպիտակ ուժեր, եւ կան սեւ ուժեր, վե՛րջ: Ես ուզում եմ պաշտօնական յայտարարել, չնայած գիտէք, բայց պէտք է ասեմ, այո՛, մենք սպիտակ ուժերն ենք, իսկ բոլոր նրանք, ովքեր չեն ուզում, որ մենք յաջողութիւն ունենանք, ես կարող եմ ասել, որ սեւ ուժերն են: Որովհետեւ մենք եւ մեր յաջողութիւնը Հայաստանի յաջողութիւնն է…»:

Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան կողմից Երեւանի քաղաքապետի պաշտօնում առաջադրուած թեկնածու Հայկ Մարութեանի` Երեւանի աւագանու ընտրութիւններին «Իմ քայլը» դաշինքի` ընտրութիւնների ֆինանսաւորումն ապահովելու համար կազմակերպուած դրամահաւաք-երեկոյի ընթացքում ունեցած ելոյթի մի մասն է, հիմնական առանցքն ու իմաստը:

Սեւերի ու սպիտակների աշխարհ, որտեղ, դատելով առկայ իրողութիւնից, բաւական յարմարաւէտ տեղաւորուել են ՀՀ իշխանական ուժի` «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչները:

Այդ մասին են վկայում յետյեղափոխութեան այս հարիւր ու մի քանի օրերի ընթացքում քաղաքական տուեալ ուժի ամենատարբեր տրամաչափի եւ նշանակութեան ներկայացուցիչների հանրային ելոյթներն ու ընկերային ցանցերում գրառումները:

«Մենք ու նրանք», «յեղափոխականներ ու հակայեղափոխականներ», «Սեւերն ու սպիտակները»… եւ էլի նման կարգի բազմաթիւ արտայայտութիւններ, որոնք ամրապնդուել են յիշեալների լեզւում:

Այս պարունակում, ակամայից հարց է առաջանում, թէ հասկանո՞ւմ են արդեօք նրանք իրենց օգտագործած բառերի եւ արտայայտած մտքերի իմաստն ու նշանակութիւնը:

Պատասխանն, ըստ իս, մէկն է ու միանշանակ. ո՛չ:

Ո՛չ, տրամաբանական այն պարզ պատճառով, որ հայկական իրականութիւնն (Հայաստանում եւ սփիւռքում) այսօր ապրում է իմաստաբանական դաշտի որոշակի քայքայման եւ արժեզրկման ժամանակաշրջան, ուր բառերն օգտագործւում, իսկ մտքերն արտայայտւում են բացառապէս այն տրամաբանութեամբ, թէ դրանք ինչպէ՛ս են կարող ազդել հասարակութեան վրայ եւ ի՛նչ զգացմունքներ են կարող առաջացնել նրա մօտ:

Այլապէս, այլ կերպ հնարաւոր չէ մեկնաբանել, թէ այդ ինչպէ՞ս է լինում, որ յեղափոխութեան օրերին, ինչո՞ւ չէ` նաեւ այսօր, սիրոյ, միասնութեան, հասարակութեանը համախմբելու, ընդհանուր նպատակների եւ այլեւայլ լաւ ու դրական երեւոյթների մասին խօսող ՔՊ ներկայացուցիչներն այդքան ինքնամոռաց բարձրաձայնում են նաեւ «սեւերի ու սպիտակների», «իւրայինների եւ ոչ իւրայինների» մասին` հասարակութեանը բաժանելով թշնամական ճամբարների:

«Սեւերի ու սպիտակների» աշխարհում, ցաւօք, քաղաքական պարկեշտութիւնը, ազգային նպատակներն ու շահերը, հասարակական հանդուրժողականութիւնն ու անդորրը յետին գիծ են մղուած: Ասպարէզը յատակին հաւասարեցուած, էժանագին պոպուլիզմինն է, որն, ինչ խօսք, յետյեղափոխութեան էյֆորիայի պայմաններում, երբ հասարակական մթնոլորտը ծայրայեղութեան աստիճանի ելեկտրականացած է, իսկ հասարակութիւնը` նոյն չափի բեւեռացուած, կարող է 100 տոկոսանոց յաջողութիւն ապահովել` ամրապնդելով սեփական իշխանութեան հիմքերը:

Պէտք չէ մոռանալ սակայն, որ այս էյֆորիան վերջիվերջոյ մարելու է, եւ անխուսափելիօրէն վրայ է հասնելու ցանած քամու փոթորիկ բերքը հնձելու ժամանակը:

Ու այդ պահին ՔՊ-ն ստիպուած է լինելու առերեսուել հայելային սեփական արտացոլանքի հետ, եւ բնազդաբար սկսուելու է ինքնաոչնչացման գործընթացը:

Յ. Գ.- Հայկ Մարութեանի ելոյթում, «սեւերի ու սպիտակների» մասին տեսութիւնից բացի, կար նաեւ մի ոչ պակաս ուշագրաւ նախադասութիւն. «Մեր թիմը ուժեղ է, նոյնիսկ կարող եմ ասել` մեր թիմի դէմը խաղ չկայ»:

Տղայական այս տրամաբանութեամբ են առաջնորդուել նաեւ ՀՀՇ-ն ու ՀՀԿ-ն` իրենց իշխանութեան օրօք: Արդիւնքը պարզ է… իսկ պատմութիւնը կրկնուելու բացառիկ յատկութիւն ունի: Սա` յիշեցման կարգով միայն:

«Ալիք»

Tags

Argentina
Arménia y Diáspora