Դիանա Դաւթեան - “alikonline.ir”

Երեւանի աւագանու ընտրութիւններ. ՀՅԴ ցուցակը կը հրապարակւի գալիք շաբաթասկզբին

07 de agosto de 2018

Alcaldia-de-Erevan“ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինը վերջնական որոշում դեռեւս չի կայացրել եւ ինձ հետ այդ հարցը չի քննարկել, ինձ նման առաջարկ չի եղել։ Թեկնածուների հարցում հիմա մեր ԳՄ-ն քննարկումների մէջ է, իսկ թէ երբ կը լինի վերջնական որոշումը՝ չեմ կարող ասել”,- «Առաջին լրատւական»-ի հետ զրոյցում ասաց ՀՅԴ Բիւրոյի տնտեսական հետազօտութիւնների գրասենեակի պատասխանատու, տնտեսագէտ Սուրէն Պարսեանը՝ պատասխանելով Երեւանի քաղաքապետի պաշտօնին իր թեկնածութեան վերաբերեալ հարցին։

Նկատենք, որ մամուլում տեղեկութիւններ են շրջանառւում այն մասին, որ Երեւանի աւագանու ընտրութիւններին Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը կարող է քաղաքապետի թեկնածու առաջադրել իր կուսակիցներից Սուրէն Պարսեանին։

Մեզ հետ զրոյցում Սուրէն Պարսեանը փոխանցեց նաեւ, որ հիմա ՀՅԴ-ն ակտիւ քննարկումների մէջ է թեկնածուների հարցում, եւ երբ իրեն լինի նման առաջարկ, ապա ինքը կը մտածի այդ ուղղութեամբ։ Այս համատեքստում մեր զրուցակիցը նշեց նաեւ, որ ինքը տեղեակ չէ, թէ թեկնածուների կոնկրետ ինչ անուններ են քննարկւում ՀՅԴ ԳՄ-ում, քանի որ ինքը ԳՄ անդամ չէ եւ այդ քննարկումներին չի մասնակցում։

Հարցին՝ ունէ՞ք անձնական ցանկութիւն առաջադրւելու Երեւանի քաղաքապետի պաշտօնին կամ գլխաւորելու ՀՅԴ ներկայացւելիք ցուցակը, Սուրէն Պարսեանը պատասխանեց. «Ներկայ դրութեամբ ես այլ ծրագրերով եմ զբաղւած, մասնագիտական ծրագրում եմ ներառւած, օգոստոսին նաեւ մի քանի օրով գործուղում ունեմ, այնպէս որ՝ ես այս պահի դրութեամբ այդ մասին ընդհանրապէս չեմ մտածել, որեւէ մէկի հետ չեմ քննարկել այդ թեման եւ առայժմ ինչ-որ բան չեմ կարող ասել»։

Շարունակելով խօսքը՝ Պարսեանը ընդգծեց նաեւ, որ իրենց կուսակցութիւնում չկայ որեւէ սահմանափակում՝ քաղաքապետի դաշնակցական թեկնածուն կին կը լինի, տղամարդ, երիտասարդ, թէ տարիքով անձնաւորութիւն։ «Այսինքն՝ բոլոր հնարաւոր թեկնածուներն էլ ուսումնասիրւում են, եւ առաջիկայում ԳՄ-ն իր որոշումը կը կայացնի՝ ելնելով որոշակի չափորոշիչներից, եւ այդ մասին կը յայտարարւի»,- ասաց նա։

Վերջինից հետաքրքրւեցինք՝ եթէ նաեւ Ձեր թեկնածութիւնը քննարկւի, ու այդպիսի առաջարկ ստանաք, կը համաձայնէ՞ք առաջադրւել. «Կրկնում եմ՝ ես այս պահին այլ գործերով եմ զբաղւած, իմ մասնագիտական ծրագրերում եմ ներգրաււած, ու իմ օրակարգում այդ հարցը դեռեւս չկայ։ Երբ որ նման առաջարկ լինի՝ ես կը մտածեմ ու որոշումս կը յայտնեմ»։

«Առաջին լրատւական»-ը զրուցեց նաեւ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Եղիազարեանի հետ։ Վերջինս տեղեկացրեց, որ հիմա ՀՅԴ-ում ակտիւ քննարկումներ են ընթանում Դաշնակցութեան թեկնածուների վերաբերեալ, եւ գալիք շաբաթւայ սկզբին կը հրապարակւի, թէ Երեւանի աւագանու ընտրութիւններին ով է գլխաւորելու ՀՅԴ նախընտրական ցուցակը, եւ ովքեր են լինելու առաջին եռեակում։ Նրա խօսքով՝ վերջնական որոշում առայժմ չունեն։

«Մենք ունենք մի քանի տարբերակներ, առայժմ քննարկում ենք նրանց թեկնածութիւնը, եւ երբ ընդհանուր ցանկը ձեւաւորւի, այդ ցանկից էլ կընտրւի այն անձը, ով կը գլխաւորի ցուցակը»,- ասաց նա ու միեւնոյն ժամանակ նշեց նաեւ, որ Սուրէն Պարսեանի թեկնածութիւնը նոյնպէս քննարկւում է ընդհանուր ցուցակում։

Եղիազարեանն իր հերթին եւս վստահեցրեց, որ թեկնածուների ընտրութեան հարցում սահմանափակումներ չկան, եւ քննարկւում են բոլոր հնարաւոր թեկնածուները, ընդ որում՝ նաեւ անկուսակցական թեկնածուներ։ «Այսինքն՝ չի բացառւում, որ մեր ցուցակում տեղ գտնեն նաեւ անկուսակցական մարդիկ»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը։

Նրա պնդմամբ՝ իրենք բծախնդրորեն են մօտենում իրենց թեկնածուների ընտրութեանը, այդ իսկ պատճառով ՀՅԴ ցուցակի հրապարակումը ձգձգւում է։ «Մեզ համար կարեւոր է, որ ոչ թէ զուտ անուններ հրապարակելը, այլ Երեւանի քաղաքապետի եւ աւագանու անդամների պաշտօնին առաջադրելը այնպիսի մարդկանց, ովքեր կը կարողանան ստանձնել այդ պարտաւորութիւնը եւ պատշաճ ձեւով իրականացնել իրենց գործառոյթները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։