Պարոն Մանոյեան, ինչպէ՞ս էք մեկնաբանում Սերժ Սարգսեանի՝ երէկ արտասահմանեան լրատուամիջոցներին տուած հարցազրոյցի այն միտքը, թէ՝ «Մենք յետ չենք [...]" />

Կիրօ Մանոյեան: "Հայ-Թուրքական յարաբերութիւնների կարգաւորման հարցում Ռուսաստանի շահ չեմ տեսնում"

11 de mayo de 2015

Manoyan Giro"Առաջին Լրատուական"ի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի անդամ, ՀՅԴ Բիւրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենեակի պատասխանատու Կիրօ Մանոյեանը:

Պարոն Մանոյեան, ինչպէ՞ս էք մեկնաբանում Սերժ Սարգսեանի՝ երէկ արտասահմանեան լրատուամիջոցներին տուած հարցազրոյցի այն միտքը, թէ՝ «Մենք յետ չենք կանչել մեր ստորագրութիւնը. եթէ Թուրքիան վաւերացնի այդ փաստաթուղթը, մենք էլ կը վաւերացնենք»:

ԿԻՐՕ ՄԱՆՈՅԵԱՆ.- Արձանագրութիւնները միշտ կենդանի են, թէեւ տեսականօրէն փոքր է հաւանականութիւնը, որ Թուրքիան կարող է դրանք վաւերացնել, ու քանի որ Հայաստանն էլ յանձն է առել վաւերացնելու՝ կը վաւերացնի: Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ անհրաժեշտ է արձանագրութիւնից ետ կանչել ստորագրութիւնները, որպէսզի իրաւականօրէն այլեւս դրանք գոյութիւն չունենան: Սերժ Սարգսեանի ասածը նոր բան չէ: Իսկ արձանագրութիւնների վրայ ստորագրութիւնների առկայութիւնը նշանակում է, որ Հայաստանը տակաւին ակնկալում է, թէ Թուրքիան կը վաւերացնի, որպէսզի ինքն էլ վաւերացնի: Բայց մենք դրան կողմ չենք:

Երբ Սերժ Սարգսեանը խորհրդարանից ետ կանչեց այդ արձանագրութիւնները, ՀՅԴն ողջունեց նրա այդ քայլը:

Այո, բայց համարեցինք ոչ բաւարար քայլ: Հէնց այդ ժամանակ ասացինք, որ ճիշդ ուղղութեամբ քայլի: Կարելի է ստորագրութիւնները ետ կանչել առանց այդ հերթականութեան, բայց ինքն ուզեց մի ազդանշան ուղարկել, որ ինքը այդ ուղղութեամբ ինչ որ քայլեր է անում: Իսկ մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է ստորագրութիւնները ետ վերցնել, խորհրդարանի օրակարգից դուրս բերելը բաւարար չէր:

Իսկ ո՞րն է ստորագրութիւնը ետ չկանչելու վտանգը:

Նախ՝ ստորագրութիւններով արձանագրութիւնների առկայութիւնն այլ պետութիւնների կողմից տակաւին օգտագործւում է: Մենք երէկ այստեղ լսեցինք Եւրախորհրդի գլխաւոր քարտուղարի խորհուրդը, որով նա կոչ էր անում վաւերացնել արձանագրութիւնները: Ես կը ցանկանայի, որ նման անհեթեթ, անհիմն կոչեր չլինէին, որպէսզի մարդիկ էլ չկարծէին, թէ ինչ որ գործընթաց կայ Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների կարգաւորման դէպքում: Հիմա չկայ նման գործընթաց: Անհրաժեշտ է արձանագրութիւններից վերցնել ստորագրութիւնները, որպէսզի մարդիկ հասկանան, թէ իրական իրադրութիւնն ինչպիսինն է:

Ռուսաստանի արտգործնախարար Սերգէյ Լաւրովը նոյնպէս երէկ յայտարարել է, «Մոսկուան կարող է նպաստել, որպէսզի Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ համագործակցութեան զարգացման մասին փաստաթղթերն ուժի մէջ մտնեն»: Նա նաեւ ասել է, թէ Մոսկուան ի սկզբանէ աջակցել է արձանագրութիւնների ստորագրման գործընթացին:

2009թ. արձանագրութիւններից մի քանի ամիս յետոյ, պատասխանելով այդ գործընթացում Ռուսաստանի դերակատարութեան մասին հարցին՝ յստակ ասել էր, թէ իրենք ընդամէնը ներկայ են եղել՝ վկայելու ստորագրութիւնը: Ասել էր, թէ ստորագրող կողմերն էին դա ցանկացել: Ես կարծում եմ, որ դա իրականութեանը համապատասխանող է, որովհետեւ այս նախաձեռնութիւնների ստորագրութիւնը ոչ թէ ռուսական նախաձեռնութիւն էր, այլ, ես կ՛ասէի, զուտ արեւմտեան նախաձեռնութիւն էր, որին Ռուսաստանն ի վերջոյ չէր կարող դէմ գնալ, որովհետեւ Հայաստանն էլ էր կողմ: Եւ ուրեմն ուզեց ցոյց տալ, որ ինքն էլ ինչ որ գործընթացի մասնակցել է:

Այդ դէպքում Լաւրովն ինչո՞ւ է աւելի ուշ յայտարարում, որ Ռուսաստանն աջակցել է այդ գործընթացին:

Ինքը աջակցելու չափի մասին չի խօսել: Ներկայ լինելը աջակցութիւն էր՝ դա փաստ է, բայց աջակցութեան չափի մասին չի խօսել:

Արդէն Ռուսաստանը խօսում է հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւման եւ այդ գործընթացում Ռուսաստանի դերի մասին:

Ֆուտբոլային դիւանագիտութեան սկզբում եթէ վերյիշենք, թէ ինչպիսին էր Ռուսաստանի հակազդեցութիւնը, թէ Դումայում ինչեր ասացին Հայաստանի ու Հայաստանի նախագահի մասին, թէ այդ ինչ է՝ մեր գրկում նստած մեր մօրուքն էք փետում: Այս յայտարարութիւններն են իրականութեանը համապատասխանում, քանի որ իրենք գործընթացներից տեղեակ չէին: Եւ ի վերջոյ, ռուս-վրացական պատերազմից յետոյ ուզեցին ցոյց տալ, որ տարածաշրջանում իրենք նաեւ այդ հարցին են կողմ: Բայց ես կարծում եմ, որ այդքան էլ այդպէս չէ: Հիմա էլ պարզապէս փորձում է Թուրքիան հնարաւորինս Արեւմուտքից պոկել, դրա համար էլ ուզում է ցոյց տալ, որ ինքը կողմ է մեր յարաբերութիւնների բնականոնացմանը:

Բայց իրականում Ռուսաստանի շահերի հետ չի՞ համընկնում հայ-թուրքական յարաբերութիւնների բարելաւումը:

Հանրապետութեան առաջին նախագահը 1997թ. Ռուսաստանի հետ ռուսական ռազմաբազայի մասին բանակցել է՝ վտանգի սպառնալիքը տեսնելով Թուրքիայից: Ամբողջ Արեւմուտքը ակնկալում է Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների բնականոնացում, որպէսզի այստեղ ռուսական ներկայութեան անհրաժեշտութիւն չլինի կամ չլինի այն չափով, ինչ չափով հիմա կայ: Այդ կարգաւորման հարցում Արեւմուտքի շահը տեսանելի է, իսկ Ռուսաստանի շահը ես չեմ տեսնում: