“Կոմիտաս” Ռադիօկայանի հարցազրոյցը ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչի հետ

Հրանդ Մարգարեան. “Այն, ինչ Հայաստանում կոչւում է Ազգ-Բանակ, ես կը կոչէի համաժողովրդական բանակ”

04 de diciembre de 2017

Montevideo-1Հարաւային Ամերիկայի հայաշատ գաղութներ այցելութիւնների շրջանակում ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Հրանդ Մարգարեանը հարցազրոյց է տուել Ուրուգուայի «Կոմիտաս» ռադիօկայանին:

Կարօ Հէքիմեանի հետ զրոյցում Հրանդ Մարգարեանն անդրադարձել է տարկէտման մասին օրէնքին, Հայաստանի Առաջին Հանրապետութէան 100ամեակին, ինչպէս նաեւ Արամ Մանուկեանի արձանի տեղադրման հարցին:

ԿԱՐՕ ՀԷՔԻՄԵԱՆ.- Մեզ շատ են հետաքրքրում Հայաստանը, Հայաստանի ժողովուրդն ու, ամէնակարեւորը, Հայոց բանակը: Վերջերս յատկապէս ուսանողութեան շրջանում բանավէճի մեծ թեմա էր տարկէտման մասին հարցը: Կան մարդիկ, ովքեր դէմ են այդ օրէնքի ընդունմանը, եւ կան մարդիկ, ովքեր կողմ են: Դուք ի՞նչ կարծիք ունէք այդ մասին:

ՀՐԱՆԴ ՄԱՐԳԱՐԵԱՆ.- Հայկական իրականութիւնը շատ մեծ փոփոխութիւն է ապրել քառօրեայ պատերազմից յետոյ: Մեծ է նաեւ փոփոխութիւնը, որ տեղի է ունենում բանակում: Քառօրեայ պատերազմից յետոյ, ներքին առումով՝ հայաստանեան կեանքի իմաստով, փորձում ենք գօտիներս պնդել: Փորձում ենք անել այն, ինչ մեր ձեռքից բաց ենք թողել եւ չենք արել նախորդ տարիներին: Հարցերը կարգաւորելու ճիգը՝ երկրում աշխատանքային նոր հնարաւորութիւններ ստեղծելու, որպէսզի ժողովուրդը, երիտասարդութիւնը մնայ երկրում, ակնյայտ է:

Այսինքն՝ առաջընթաց կայ: Չեմ ցանկանում չափազանցել, բայց մենք երկար ժամանակ ասում էինք՝ թունելի վերջում լոյս չկայ: Հիմա այդ լոյսը երեւում է, յոյսի նշոյլը կայ: Սա, իհարկէ, դրական է: Ինչ վերաբերում է բանակին, ես քաջատեղեակ եմ այդ օրէնքից, եւ կարծում եմ՝ շատ ճիշդ որոշում է: Նախարարութեան նախաձեռնութիւնը մի քանի բան է յաջողեցնում: Նախ՝ յաջողեցնում է, որ բանակում կոռուպցիան (կաշառակերութիւնը-Խմբ.)  վերացուի, մարդիկ այլեւս չունենան իրենց զաւակներին բանակային ծառայութիւնից ազատելու հնարաւորութիւն: Ծառայութիւնը պէտք է պարտադիր լինի բոլորի համար՝ համահաւասար: Բոլորն անխուսափելիօրէն պէտք է գնան բանակ: Իսկ տարկէտման օրէնքի մասին նոյնպէս կարծում եմ՝ մտահոգութիւններ չկան այս դէպքում, որովհետեւ մարդիկ հանգիստ կարող են շարունակել իրենց ուսումը, իսկ համալսարանն աւարտելուց յետոյ, որպէս սպայ, մտնել բանակ:

Քառօրեայ պատերազմից յետոյ էլ, այսօր էլ նկատելի է, որ ինչ-որ ուժեր մտադիր են բանակի դէմ միշտ պայքարել, բանակը վարկաբեկել, բանակին չթողնել, որ ունենայ համապատասխան արժանապատուութիւն եւ տեղ հասարակութեան մէջ: Ես շատ դրական եմ գնահատում այսօր բանակում տեղի ունեցող բարեփոխումները: Դրանից մեր երկիրը կը շահի: Ի վերջոյ, այն, ինչ Հայաստանում կոչւում է ազգ-բանակ, ես կը կոչէի համաժողովրդական բանակ: Մեր երկրին անհրաժեշտ է, որովհետեւ մենք փոքրաթիւ ժողովուրդ ենք եւ շատ երկար սահմաններ ունենք պաշտպանելու: Մենք մարդուժի խնդիր ունենք եւ այդ հարցը պէտք է կարողանանք լուծել նաեւ՝ ժողովրդին համապատասխան ձեւով կազմակերպելով: Այսօր ինչ դրուած է սեղանին՝ որպէս բարեփոխում, ամբողջութեամբ դրական եմ գնահատում:
 

Կ. Հ. .- Ուսանողութեան մի մասը մտածում էր, որ այս օրէնքը կը նպաստի դասալքութեանը: Այդ մասին ի՞նչ կ՛ասէք:

Հ. Մ..- Ո՛չ, այդպէս չէ: Այդ օրէնքով դու ուսումդ շարունակում ես, միաժամանակ՝ բանակային կրթութիւն ստանում: Եթէ դու պարտաւորւում ես երեք տարի ծառայել՝ որպէս սպայ, եւ վճարւում ես դրա համար, ապա պետութիւնը նաեւ յանձն է առնում ուսանողութեան ծախսը: Անգամ դրանից յետոյ, եթէ ուսանողը ցանկանում է ընդունուել ասպիրանտուրա, դարձեալ պետութիւնը վճարում է դրա համար: Սա երկկողմանի նպաստաւոր է: Այսպիսով՝ մարդը չի կարող ուսանելու անուան տակ խուսափել բանակից:
 
Կ. Հ. .- Առաջիկայում Հայաստանի առաջին Հանրապետութեան 100ամեակն է: Սփիւռքում լայնածաւալ աշխատանքներ են ընթանում այդ առիթով, սակայն նոյնը չենք նկատում Հայաստանում: Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցի աշխատանքները սկսել էինք դրանից դեռեւս չորս տարի առաջ, սակայն նոյնքան աշխատանք չի տարւում Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի համար: Տարօրինակ չէ՞ սա:

Հ. Մ..- Մեծ տարբերութիւն կայ: Հայոց Ցեղասպանութեան 100րդ տարելիցը հայ ժողովրդի համար միանշանակ բովանդակութիւն եւ իմաստ ունէր: Մայիսի 28ի անկախութեան եւ պետականութեան վերականգնման տօնը նոյնանման ընկալում չունի, որովհետեւ թեման քաղաքականացուած է: Խորհրդային Միութեան ժամանակաշրջանում 70 տարի արգելուած էր պետականութեան վերականգնման տօնը նշել, եւ սա դժուարացնում է հարցը: Եւ այն մարդիկ, ովքեր 70 տարի կրողն են եղել այդ  մօտեցումի, այսինքն՝ անտեսել կամ արհամարհել են Մայիսի 28ը, այսօր էներգիայով (ուժգնութեամբ-Խմբ.) դա կրում են իրենց մէջ եւ, բնականաբար, ինչ-որ տեղ ընդդիմանում են: Ինձ համար կարեւորը դա չէ, այլ այն, որ, վերջիվերջոյ, մեր պետականութիւնը Հայաստանի Հանրապետութեան 100ամեակի շեմին անհրաժեշտ լրջութեամբ է մօտենում այս խնդրին, եւ նոյնիսկ այդ ուժերը, որ 70 տարի ինչ-որ քաղաքական պատճառով անտեսել են այդ փաստը, այսօր վերադառնում են նշելուն. դրանով պէտք է հպարտանալ, դրանով մենք չպէտք է այլ մթնոլորտ ստեղծենք: Այս պետականութիւնը հայոց պետականութիւն է:

Ճիշդ է, որ արմատներում կանգնած ենք մենք՝ Դաշնակցութիւնը, բայց դա դաշնակցական հանրապետութիւն չէր. այդպիսի հանրապետութիւն չի լինում: Պետականութիւնը լինում է ազգային, եւ դա բոլորինն է, այդ տօնն էլ է բոլորինը, այլ ոչ թէ միայն մերը: Եւ եթէ այսօր կայ հնարաւորութիւն, որ, 100ամեակից սկսած, մենք այս տօնը միացեալ տօնենք, արդէն լաւ է: Ասում են՝ երբ վնասի դէմն առնում ես, շահ է: Երբ սխալը սրբագրւում է, արդէն լաւ է: Իմ կոչը դաշնակցականներին պիտի լինի այն, որ համեստ լինեն եւ այդ փաստն անընդհատ չմտցնեն սրա-նրա աչքը: Ինչ վերաբերում է միւսներին՝ սա իսկապէս ազգային-պետական տօն է, խորհուրդ եմ տալիս նրանց՝ կուսակցական, քաղաքական նկատառումներով գինու մէջ ջուր չխառնեն: Նշեն տօնը այնպէս, ինչպէս արժանի է:
 
Կ. Հ. .- Բայց կան նաեւ այնպիսի մարդիկ, որ անգամ քննարկում են՝ դնել, թէ չդնել Արամ Մանուկեանի արձանը:

Հ. Մ..- Այդպիսի մարդիկ այնքան քիչ են, որ չարժէ մտահոգուել կամ կարեւորել: Դրանք հազուագիւտ մարդիկ են: Փաստն այն է, որ Արամն իր արժանի տեղն է գտնում: Շատերը կ՛ասէին, որ Հանրապետութեան հրապարակն է Արամի արժանի տեղը, բայց ես այդպէս չեմ կարծում: Այն տեղը, որ նախատեսել էինք նրա արձանի տեղադրման համար, նրան արժանի է: Այդ փաստով պէտք է ոգեւորուել: Այդ մի քանի հոգուն էլ, եթէ կան, որոնք դեռ կարծրատիպերը չեն կարողացել յաղթահարել, դեռ բարդոյթաւորուած են, դեռ նեղմտութոան մէջ մեռնում են, պէտք է անտեսել, որովհետեւ այսօրուայ մթնոլորտի մէջ չպէտք է թողնենք, որ այդ տեսակի երանգներ մտնեն: Այսօրուայ մթնոլորտի մէջ քաղաքական երանգ չպէտք է մտնի: Մայիս 28ը՝ որպէս ազգային տօն, ոչ կուսակցական տօն է եւ պէտք է նշուի մեր ժողովրդի կողմից:
 
Կ. Հ. .- Մի քանի տարի է՝ Հայաստանում աւելանում է երդում տուած դաշնակցական երիտասարդների եւ Դաշնակցութեան շարքերն անցնող երիտասարդների թիւը, ինչը յուսադրող է: Այսինքն՝ ճիշդ չէ այն միտքը, թէ Հայաստանում կուսակցութիւնը թոյլ է: Ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

Հ. Մ..- Նախ ասեմ՝ Դաշնակցութեան ուժը, կարողականութիւնը քուէների չափով չի կշռւում: Հաւատալով եմ ասում, եւ ասածիս մէջ կուսակցական «ես»ը չի խօսում՝ Հայաստանում ամենակազմակերպուած, ամենագաղափարական կուսակցութիւնը Դաշնակցութիւնն է, եւ դա լաւ բան չէ: Կ՛ուզէի մի քանի այդպիսի կուսակցութիւններ լինէին, որ իրական մրցակցութիւն լինէր, իրական մթնոլորտ լինէր, բայց փաստն այդպիսին է: Երիտասարդութեան մուտքը կուսակցութիւն իսկապէս ակներեւ է:

Վերջին շրջանում կուսակցութեան մէջ բաւական մեծ թուով անդամներ են աւելացել, եւ նրանց ճնշող մեծամասնութիւնը՝ գերմեծամասնութիւնը, երիտասարդներ են: Բանն այն է, որ գուցէ կուսակցութիւնը մի քանի տարի կազմակերպական ցանցի ընդլայնմանը կարեւորութիւն չէր տալիս, սակայն հիմա նոր թափով իրականացւում է: Ինչպէս 1990 թուականին մենք կազմակերպուեցինք՝ իբրեւ երիտասարդների կուսակցութիւն, այսօր նոյնպէս այդ ձեւով ենք վերակազմակերպւում: Իհարկէ, դա յաւելեալ պարտաւորութիւն է դնում մեզ վրայ, քանի որ այդ երիտասարդութեան հետ պէտք է աշխատել, նրանց պէտք է տալ ինքնադրսեւորուելու ասպարէզ, որպէսզի իմաստ ունենայ այդ ամէնը: Այս առումով էլ մենք պէտք է ուշադիր լինենք, որպէսզի երիտասարդութիւնը մեզ մօտ ինքնադրսեւորման նոր ասպարէզ գտնի:
 

Կ. Հ. .- Անդրադառնանք Սփիւռքի խնդիրներին: Այցելեցիք Հարաւային Ամերիկայի ամենահեռաւոր գաղութները: Այստեղ գտնուելու մէկ շաբաթուայ ընթացքում դուք ի՞նչ խնդիրներ նկատեցիք՝ մի քանի տարի առաջ ձեր այցելութեան հետ համեմատելով:

Հ. Մ..- Մարդու մօտ շատ հակասական զգացումներ են առաջանում, երբ գալիս է Հարաւային Ամերիկա: Հայաստանից այսքան հեռու, բայց այսքան հարազատ: Իսկապէս դա զարմանալի է: Օրինակ՝ երէկ եղայ Կորդոբայում, երիտասարդ մի կազմ եմ տեսել, տղաների մի խումբ, որոնց մէջ հոգին նոյնն է, ինչ Երեւանում է, ինչ Արցախում է: Մեր ազգային-հայրենասիրական երգերը նոյն ոգեւորութեամբ են երգւում Արցախում, Երեւանում, Կորդոբայում, Բուէնոս Այրեսում: Սա ինչ-որ բան է նշանակում. սա մեր ուժն է, սա մեր կարելիութիւնն ու հնարաւորութիւնն է, որ շատ ժողովուրդներ չունեն, աւելին՝ ոչ մի կուսակցութիւն չունի, որն այդ դէպքում մենք ունենք: Այդ հարազատութիւնը, այդ ապրումը, այդ հոգին, որ կայ, առկայ է այստեղ երիտասարդութեան, ժողովրդի մէջ, մեծ հարստութիւն է: Դա, իհարկէ, տալիս է արդիւնք եւ շարունակելու է տալ:

Ի վերջոյ, պատահական չէ, որ Ուրուգուայն առաջինն է ճանաչել Հայոց Ցեղասպանութիւնը: Առաջինն է եղել, որ Արցախի ճանաչման հարցով մեծ քայլեր է արել: Սրանք պատահականութիւններ չեն, սա աշխատանքի արդիւնք է, համայնքի աշխուժութեան, կարողութեան, ծանրակշռութեան, ազդեցութեան, չափի ցուցանիշ է: Սա է ամենակարեւորը: Կարեւորն անպայման թիւը չէ, անպայման շատ լաւ հայերէն խօսելը չէ, կարեւորն այն ազդեցութիւնն է, որ դու կարողանում ես ունենալ քո երկրում, եւ յանուն քո խնդիրների, հարցերի ու ռազմավարութեան՝ նաեւ արդիւնքներ ստանալն է:  Սա հպարտանալու երեւոյթ է: Ճիշդն ասած՝ շատ եմ ափսոսում, որ այս ժողովուրդը հեռու է Հայաստանից, կ՛ուզէի, որ այս ժողովուրդը հէնց Հայաստանում լինէր, որովհետեւ մենք շատ աւելի լաւ հասարակութիւն կ՛ունենայինք, շատ աւելի լաւ պետականութիւն կ՛ունենայինք, շատ աւելի ուժեղ կը լինէինք, լաւ զինուորներ կ՛ունենայինք, ես վստահ եմ:
 

Կ. Հ. .- Դուք այստեղ հանդիպումներ ունեցաք նաեւ պետական ու կուսակցական անձերի հետ եւ տեսաք, այսպէս ասած, ձեր ասածների հայելին: Ի՞նչ կ՛ասէք այդ մասին:

Հ. Մ..- Առիթ ունեցայ հանդիպելու Հայաստան-Ուրուգուայ բարեկամական խմբի նախագահ Ռուբէն Մարտինես Ուելմոյի հետ, ով նաեւ անցած տարի առիթ է ունեցել Հայաստան, Արցախ այցելելու: Զարմացայ, հիացայ: Մեր ընկերները կատակով ասում են՝ նա կարող է մեր Հայ Դատի յանձնախմբի անդամ լինել, եւ կարծում եմ՝ դրա մէջ չափազանցութիւն չկայ: Նա ոչ միայն մեզ բարեկամ, զօրակցող, օգնող է, նա նաեւ նախաձեռնող է: Նա մտահոգւում է եւ լուծումներ է փորձում առաջ քաշել: Դա իսկապէս որակ է: Հանդիպեցի նաեւ իշխող «Լայն ճակատ» կուսակցութեան նախագահ Խաւիէր Միրանտայի հետ, ով ներկայացնում է Ուրուգուայի պետութիւնը: Ես նրան շնորհակալութիւն յայտնեցի Ուրուգուայի կեցուածքի համար: Վստահ եմ, որ այս բարեկամութիւններն ու ծանօթութիւնները դեռ պէտք է շարունակեն արդիւնք տալ: Ես հաւատացած եմ նաեւ, որ առաջին պետութիւնը, որ կը ճանաչի Արցախի անկախութիւնը, Ուրուգուայը կը լինի:
 

Կ. Հ. .- Ի՞նչ պատգամ կ՛ուղղէք մեր երիտասարդութեանը:

Հ. Մ..- Քառօրեայ պատերազմից յետոյ մեր ժողովուրդը լրիւ նոր պատկերով եայտնուեց մեր առջեւ: Թւում էր՝ 27 տարի է՝ պատերազմի մէջ ենք, ժողովուրդն ընկճուել է, խեղճացել, սոցիալական (ընկերային-Խմբ.) դժուարութիւնները ծանրացել են մեր ժողովրդի ուսերին, եւ դա պէտք է բերած լինէր ընկճուածութոան, պէտք է դժուարանայինք գտնել մարդկանց, ովքեր պատրաստ կը լինեն գնալ Արցախ՝ կռուելու՝ կամաւոր, ոչ թէ որպէս պարտականութիւն, բայց պատերազմից յետոյ մի ալիք բարձրացաւ հայկական իրականութեան մէջ, որը շշմեցուցիչ էր: Մարդիկ կամաւոր, իրենց միջոցներով փորձում էին ժամ առաջ հասնել Արցախ, մասնակցել պատերազմին: Սա խենթացնող երեւոյթ էր: Նոյնիսկ Հայաստանում աշխատող դեսպանատներն ու օտարները զարմացած էին այդ մթնոլորտից:

Աւելին ասեմ՝ նոյնիսկ ժամանակին արտագաղթած երիտասարդները աւտոբուսներով փորձեցին հասնել ռազմաճակատ: Կէսկատակ, կէսլուրջ ասում էի՝ զարմանալի ժողովուրդ ենք, խաղաղութեան ժամանակ արտագաղթում ենք, պատերազմի ժամանակ՝ ներգաղթում: Ուզում եմ ասել՝ մեր ժողովրդի մէջ կայ մեծ անկեղծութիւն, էներգիա՝ ազգային խնդիրների լուծման համար: Եթէ Ադրբեջանն ունի նաւթ, գազ, իր կողքին կանգնած՝ Թուրքիայի նման պետութիւն, մենք պէտք է կարողանանք այդ բացերը լրացնել, փոխարինել դրանք քաղաքական ակտիւ աշխատանքով՝ աշխարհով մէկ: Այդ բացը պէտք է լրացնենք՝ «ռազմաճակատը» փոխադրելով աշխարհի տարբեր անկիւններ՝ Եւրոպա, ԱՄՆ, Հարաւային Ամերիկա, որտեղ որ կարող ենք: Ինչ կարող ենք, պէտք է անենք՝ Ադրբեջանի իրական դէմքը, նրա էութիւնը ցոյց տալու, ճնշում բանեցնելու համար, որպէսզի պատերազմ չլինի, եւ նա պատերազմի միջոցով չփորձի հարցը լուծել:

Մենք քաղաքական աշխատանքների մեծ անհրաժեշտութիւն ունենք, որպէսզի կարողանանք միջազգայնօրէն ստեղծել դրական մթնոլորտ Արցախեան հարցի արդարացի լուծման համար: Մեր հիմնական անելիքն այն է, որ մեր աշխարհացրիւ լինելու թերութիւնը որակի վերածենք, դրական ազդակի վերածենք, ամէնուրեք մեր ազդեցութեան ոլորտները մեծացնենք, ծրագրուած աշխատանքներ տանենք: Մենք պէտք է մեր հարցերը բարձրացնենք աշխարհի ազդեցիկ կէտերում եւ մեր ներկայութեամբ աշխարհն ուղղորդենք մեզ յարմար լուծումներ տալուն:
 
Կ. Հ. .- Հայ Դատի յանձնախմբերն արդէն տարիներ է՝ այդ գործով են զբաղւում: Այսօր, բարեբախտաբար, Հայաստանի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը մեզ հետ է համագործակցում եւ դիւանագիտական յարաբերութիւնների ճանապարհով հեշտացնում մեր գործը:

Հ. Մ. .- Ամէն հայ պէտք է իրեն Հայ Դատի յանձնախմբի անդամ զգայ: Ամէն հայ, ուր էլ լինի, պէտք է իմանայ, որ ինքը պարտականութիւն ունի իր երկրի, դատի, Արցախի հարցով: Ամէն հայ պէտք է իր կարելիութիւնների սահմաններում կամ աւելիով Հայ Դատի պայքարին օգտակար լինի: Մենք չենք կարող սահմանափակուել յանձնախմբերով: Ամէն հայ դեսպան է, Հայ Դատի անդամ է, եւ իւրաքանչիւրն իր հերթին պէտք է փորձի մեզ համար ստեղծել ուժ, կարելիութիւն եւ ազդեցութիւն:

Վարեց՝ Կարօ Հէքիմեան