Արտաշէս Շահբազեան

Ո՞վ Է դաշնակցականը

06 de agosto de 2018

troshag-FRAԹուում է, թէ հարցն ունի յստակ եւ պարզ պատասխան. դաշնակցականը հայրենասէր հայն է, ով պատրաստ է ծառայել հայութեանն ու հայրենիքին, եւ եթէ յարկ լինի նաեւ կեանքը զոհաբերել յանուն նրանց: Այնուհետեւ: Դաշնակցականը այն հայն է, ով ձգտում է արդարութեան հայ հաւաքականութեան եւ անհատ հայ մարդու համար եւ պատրաստ է պայքարելու իր ազգակիցների

քաղաքական-քաղաքացիական, ընկերային, տնտեսական եւ այլ իրաւունքների համար: Ընդհանուր ձեւակերպմամբ կարծես թէ այսքանը:

Եւ իրաւ էլ, յաճախ, կուսակցութեան շարքերն անցնելու համար անհատներ են երաշխաւորւում այն հիմնաւորմամբ, որ տուեալ անձը հայրենասէր է, ազնիւ է, անհանդուրժող է ամէն տեսակի անարդար երեւոյթների հանդէպ:

Բայց արդեօ՞ք ընդհանրականօրէն բնորոշուած այս որակները բաւարար են դաշնակցական լինելու համար:

Եթէ այդպէս լինէր, ապա բոլոր նրանք, ովքեր հայրենասէր են եւ արդարամիտ, պէտք էր գտնուէին Դաշնակցութեան շարքերում, ինչն ի հարկէ այդպէս չէ: Ակնառու օրինակը այսօրուայ հայ երիտասարդութիւնն է, որը փաստել է հայրենասիրութիւնը Արցախի ու Հայաստանի սահմաններում, ինչպէս եւ ժողովրդի իրաւունքների համար պայքարել է` վերջին տարիների հայաստանեան հասարակական յուզումների գլխաւոր դերակատարը դառնալով: Սակայն այդ երիտասարդութեան ոչ մեծաքանակ մէկ հատուածն է համախմբուած ՀՅԴ դրօշի ներքոյ:

Մէկ այլ պարագայում, պատահել է, որ նման մարդիկ եկել են կուսակցութիւն, սակայն կարճ ժամանակ անց իրենց խորթ են զգացել այս միջավայրում: Ուրեմն բոլոր լաւ հայերը չեն, որ մտածողութեամբ, խառնուածքով կամ արժեհամակարգով համապատասխանում են դաշնակցականի կերպարին: Միւս կողմից` աշխարհում շատ լաւ գաղափարներ կան, որոնք անպայմանօրէն մաս չեն կազմում Դաշնակցութեան գաղափարա-բարոյական արժեհամակարգին:

Դաշնակցութիւնն ունի արժէքային իր ուրոյն համակարգը, եւ լինել դաշնակցական` նշանակում է ընդունել ու ապրել գաղափարաբարոյական այդ արժէքներով: Առանց վերջիններս համեմատութեան մէջ դնելու այլ գաղափարների հետ:

Շատ կարեւոր է յաջորդ հաստատումը. դաշնակցականը երդւում է ձեռքը դնելով ամբողջական ծրագրի եւ ոչ թէ նրա մէկ բաժնի վրայ, հետեւաբար նրա համար ընդունելի ու գործադրելի պէտք է լինեն ծրագրային բոլոր դրոյթներն ու պահանջները: Միւս կողմից նա չի կարող միաժամանակ դաւանել եւ յարել այնպիսի արժէքների, որոնք խորթ են դաշնակցական մտածողութեանը:

Չմոռանանք, որ որպէս կուսակցական ընտանիքին մաս կազմելու պայման` դաշնակցականը երդւում է նաեւ կանոնագրի վրայ` պարտաւորուելով ընդունել եւ գործադրել նրանում ամրագրուած պահանջները: Իրաւաբանութեան ոլորտում «Յանցաւոր գործունէութիւն» հասկացողութեան կողքին գոյութիւն ունի նաեւ «Յանցաւոր անգործութիւնէ» եզրը: Մեր կանոնագիրը հեռու է իրաւական օրէնսգրքերից, բայց նրանում նոյնպէս` հակակարգապահական գործողութիւնների կողքին, հակակարգապահական է նկատւում նաեւ անգործութիւնը: Այսինքն պարզապէս ծրագրում ու կանոնագրում շարադրուածն ընդունելը դեռ բաւարար չէ, անհրաժեշտ է նաեւ մասնակցել ծրագրային եւ կանոնագրային պահանջների գործադրմանը, եթէ անգամ ինչ-որ բանի հետ համաձայն չես:

Դաշնակցութիւնը ընկերվարական, յեղափոխական կուսակցութիւն է, բայց գոյութիւն ունեն, օրինակ, կոմունիստական ընկերվարութիւնը կամ դասակարգային յեղափոխութիւնները, որոնք որքան էլ անուանապէս նման լինեն, էութեամբ միանգամայն տարբեր են եւ անյարիր, եթէ չասենք` արմատապէս հակասող, Դաշնակցութեան գաղափարախօսութեանը: Պատահական պէտք չէ համարել, այլ` շատ տրամաբանական, որ հարիւր եւ աւելի տարիներ առաջ ՀՅԴ-ից պոկուած եւ համայնավարներին միացած շատ նախկիններ դարձան ամենամոլի հակադաշնակցականներ: Ուրեմն դաշնակցականը դաշնակցական է իր գաղափարախօսութեան շրջանակում` հարազատ կուսակցութեան պայքարի մէջ եւ ոչ թէ` ցանկացած պայքարի ալիքների վրայ, եթէ անգամ այդ ալեկոծութիւնը բարձրացել է ամենամարդասիրական կարգախօսերով:

Այստեղից հետեւում է նաեւ, որ դաշնակցականի կուսակցական ընտրութիւնը գիտակցուած ընտրութիւն է: Մեր պատմութեան օրինակները փաստում են, որ անգամ հակաթուրք պայքարի գործնական կոչերը եւ կոչ անողները կարող են անյարիր լինել Դաշնակցութեանը եւ անգամ` հակառակ նրան, եթէ այլ գաղափարախօսութիւնների ու նպատակների ծնունդ են:

Արդեօ՞ք այս մտքերը շատ կաղապարուած եւ հակաժողովրդավարական չեն, երբ այլեւս 21-րդ դարում ենք ապրում եւ ամէնուր մարդիկ ու հաւաքականութիւնները ձգտում են ընդլայնել ազատութիւնների եւ իրաւունքների սահմանները:

Համոզուած եմ, որ ո՛չ: Ի վերջոյ ոչ ոք ոչ մէկին պարտադրաբար դաշնակցական չի դարձնում: Որոշակի գաղափարների եւ նպատակների, որոշակի կազմակերպական սկզբունքների համաձայն կուսակցութեանը ծառայելու ընտրութիւնը կատարում է իւրաքանչիւր ոք` բազում այլընտրանքների պայմաններում: Ինչպէս եւ անհատը, ցանկացած պահի, կարող է գնալ այլ տեղ, եթէ եզրակացնի, որ սխալ ընտրութիւն է կատարել: Նոյն կերպ նա կարող է միանալ այլ պայքարների եւ շարժումների, բայց նախ` կապերը խզելով Դաշնակցութեան հետ:

Դաշնակցականը, այո՛, յեղափոխական-արմատական փոփոխութիւնների ձգտող, ըմբոստ խառնուածքի տէր հայն է, բայց նա Դաշնակցութեանն է միանում ոչ թէ ըստ իր պատկերացումների ազատօրէն գործելու, կուսակցութեանը ուղղորդելու կամ այն փոխելու համար, այլ ընդունելով ծրագիրն ու գործելակերպը` ինքը փոխուելով կամ գաղափարականօրէն բիւրեղանալով եւ ծառայելով այս կուսակցութեան դաւանանքին եւ նպատակներին` մեծամասնութեան կամքով ուղենշուած գործին: Դաշնակցականը գաղափարականացած եւ քաղաքականացած հայն է, ով համոզում ունի, որ հայ ժողովրդի պատմական ու դէպի դրանց տանող երազանքների լուծման լաւագոյն միջոցը Դաշնակցութիւնն է: Եթէ այդ համոզումով չէ նրա գալը Դաշնակցութիւն, ապա հարց է ծագում, թէ ինչի՞ համար է եկել: Դաշնակցականի եւ Դաշնակցութեան միջեւ հակասութիւններ կարող են ծագել մարտավարական խնդիրներում, բայց դրանց լուծումը մեծամասնութեան վճիռն է: Հակասութիւն չի կարող ստեղծուել Դաշնակցութեան ռազմավարական սկզբունքների եւ դաշնակցական մեծամասնութեան վճիռների միջեւ: Իսկ եթէ այդպիսի հակասութիւնը ուռճանում է անհատ դաշնակցականի մտքում, նրա առջեւ մնում է երկու ճանապարհ` ընդունել մեծամասնութեան դիրքորոշումը եւ ջանքեր գործադրել դրանց իրականացման համար կամ` հեռանալ:

Որոշակի գաղափարա-բարոյական պատկերացումներով եւ ըմբռնումներով Դաշնակցութիւն եկողը դառնում է կուսակցութեան ծրագրի տէրը եւ հոգեւոր բաւարարութիւն է ստանում իր պէս մտածող հայորդիների հետ ազգային ընդհանուր գործին ծառայելու հնարաւորութեան համար: Դաշնակցական հաւատամքով զինուած դաշնակցականը լինում է գաղափարապէս կայուն եւ ուժեղ:

Դաշնակցութեան գաղափարն ու ծրագիրը դառնում են նրա հոգեկերտուածքի մասը, դաշնակցական ակումբն ու միջավայրը դառնում են նրա տունն ու ընտանիքը, ուր նա ձգտում է պատասխաններ եւ լուծումներ գտնել իրեն յուզող գաղափարաքաղաքական բոլոր հարցերի համար: Դրսում լուծումներ փնտռողը մեքենաբար դուրս է դնում իրեն դաշնակցութիւնից, եթէ անգամ իր արարքը փորձում է հիմնաւորել ամենահայրենասիրական եւ մարդասիրական գաղափարներով: Ի վերջոյ ամենալաւ կուսակցական անհատը կարող է ասել` դաշնակցակա՞ն է ինքը, թէ՞ ոչ: Եթէ ի հարկէ անկեղծ է ինքն իր խղճի եւ կուսակցական ծրագիր-կանոնագրի առաջ: Դաշնակցականութիւնը ներքին համոզում է, ապրելակերպ, մի բան, որը ոչ ոք չի կարող խլել քեզանից, եթէ ինքդ չես հեռացել նրանից: