Ն. Պէրպերեան

Պետրոս (Պետօ) Ղեւոնդեան (1964-1994) “Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնինք կռուելով ու պատուով”

03 de febrero de 2018

«Եթէ մեռնելու ենք, աւելի լաւ է մեռնենք կռուելով ու պատուով».Ղարաբաղեան շարժման երրորդ տարին էր: Կարծես պատմութեան գիրկն էին անցնում այն փոթորկայոյզ օրերը, երբ հրապարակները ալեկոծող ծով բազմութիւնը միահամուռ ձեռք բերեց «Ղարաբաղ», «Միացում» բառերը:

Ստեղծուել էր մի այնպիսի իրավիճակ, երբ ժողովրդի հոգում աստիճանաբար խամրում էր պայքարի այն ուժգնութիւնը, որ ցայտուն կերպով դրսեւորուել էր շարժման առաջին օրերում ու ամիսներում: Իսկ բուն պայքարը ահաւոր ծանր ու երկարատեւ էր լինելու, եւ միայն զոհաբերութեան պատրաստակամ, Ղարաբաղի ազատագրմանը հաւատարիմ, կեանքի ու ապրելու գերխնդիր դարձած մարդը կարող էր յաղթահարել դէպի յաղթանակը տանող բազում խոչընդոտներով լեցուն ճանապարհը: Տուեալ ժամանակահատուածում դա ամենակարեւոր ճշմարտութիւնն էր, որի արժէքն ու իմաստը խորապէս ըմբռնել էր Հայ դատի նոր-նոր զինուորագրուած պռօշեանցի երիտասարդ Պետոն:

1964 թուականի յունուարի 30-ին ծնուած, Երեւանի պետական համալսարանի ռատիոֆիզիքայի ուսանող Պետոն մարտի դաշտում շատ արագ ԼՂ-ի մայոր (հազարապետ – Խ.) Պետրոս Ղեւոնդեան դարձաւ, ընտրուեց Շուշիի առանձնակի գումարտակի փոխհրամանատար: Ոչ միայն մշակեց Օմարի լեռնանցքի գրաւման դժուարին ծրագիրը, այլեւ իր գումարտակով, առանց զոհ տալու, իրականացրեց այն:

Շահումեանի շրջանում անցկացուած հէնց առաջին իսկ օրերից Պետոն աչքի էր ընկնում մարդկանց հետ աշխատելու իր բացառիկ վարուեցողութեամբ, մարդկանց հասկանալու կարողութեամբ:

1991 թուականի ապրիլի 18-ին պռօշեանցիների խումբն ուղղաթիռով Շահումեանից մեկնում է Գետաշէն ու տեղ հասնելուն պէս` Պետոն ու իր ընկեր Կարօտը անմիջապէս ներկայանում են Թաթուլ Կրպէեանին` քննարկելու իրենց ջոկատի հետագայ անելիքների մանրամասները: Դա Թաթուլի, Պետոյի եւ Կարօտի առաջին, եւ, ցաւօք վերջին հանդիպումն էր:

Մալիպէյլիի գրաւման ժամանակ, գրոհը սկսուելուց վայրկեաններ անց, Պետոն, գործելով հարուածային ջոկատի կազմում, վիրաւորւում է ուսից. Վէրքը թեթեւ էր եւ ապաքինումն էլ անցկացնում է աննկատ, եւ ինչպէս ասում են ` ոտքի վրայ:

Մահը բազմիցս անցել է Պետոյի կողքով, սակայն նա Ղարաբաղի ամենաօրհասական օրերում, անգամ Գետաշէնի, Մարտունաշէնի ողբերգական անցքերից յետոյ, երբեք չապրեց պարտուողի հոգեբանութեամբ, նրա դաւանանքը միայն յաղթանակն էր:

Անգամ Շահումեանի դէպքերի ողբերգական ընթացքն ու իր մարտական ընկեր-հրամանատար Կարօտի անհետանալու վիշտը չխանգարեցին, որպէսզի նա կորցնէր իր վճռակամութիւնն ու անսասան ոգին:

Իսկ յաղթանակի կարեւորագոյն պայմանը, ինչպէս բազմիցս նշում էր Պետոն, անմնացորդ նուիրումն է, ազնիւ ու վճռական պայքարը:

Նա մէկընդմիշտ ընտրել էր այդ ուղին եւ պէտք էր գնար մինչեւ վերջ:

Ու նա գնաց մինչեւ վերջ, մինչեւ յաղթանակ:

1994 թուական. փետրուարի 14. թուրքական ուժերը ղարաբաղեան զօրամիաւորումների հարուածներից մազապուրծ` լքում են իրենց դիրքերը եւ անցնելով Օմարի լեռնանցքը` ԼՂՀ-ի բանակի մարտիկների տնօրինութեանն են յանձնում լեռնաշղթայի ամրակուռ բարձունքները:

Լեռնալանջերին դիրքաւորուած մարտիկներին անհրաժեշտ էր ժամանակին ապահովել սնունդով ու տաք հագուստով: Թիկունքն առաջաւոր դիրքին կապող ասֆալտապատ միակ ճանապարհը, որ անցնում է Եանշաղ եւ Ղամիշլի գիւղերով, ձեան պատճառով տեղ-տեղ դեռեւս խցանուած էր:

Անհրաժեշտ էր բացել այդ ճանապարհը եւ ժամանակին լուծել դիրքերում ամրացուած զինուորների մատակարարման խնդիրները: Պետոն այդ նպատակով Եանշաղից իջնում է Ղամիշլի, ապա շարժւում դէպի Գեանճա (Գանձակ)-Քեալբաջար ճանապարհահատուածի խաչմերուկի ուղղութեամբ: Գեանճա տանող ճանապարհին, խաչմերուկից 6-7 քմ. հեռաւորութեան վրայ հանդիպում է շտապօգնութեան մեքենայի եւ նրա շուրջ խմբուած զինուորների պատմածներից տեղեկանում, որ նրանց յանձնարարուած է մարտադաշտից դուրս բերել ԼՂՀ-ի բանակի այնտեղ մնացած վիրաւոր զինուորներից մէկին: Բայց, քանի որ ճանապարհը թուրքերի կողմից ականապատուած էր, շտապօգնութեան մեքենայի սպասարկող անձնակազմը երկիւղելով ողբերգական հետեւանքներից` չէր համարձակւում առաջ շարժուել, իսկ մարտադաշտում նրանց օգնութեանն էր սպասում վիրաւոր զինուորը:

Պետոն, չնայած սպառնացող ստոյգ վտանգին, չէր կարող անտարբեր լինել զինակիցներից օգնութիւն հայցող, մարտադաշտում միայնակ մնացած մարտիկի նկատմամբ: Նա վարորդի փոխարէն` անվարան նստում է շտապօգնութեան մեքենայի ղեկին եւ միայնակ շտապում վայրկեան առաջ մարտադաշտից դուրս բերել վիրաւոր մարտիկին:

Մի քանի ակնթարթ անց լսւում է պայթիւնը, եւ ականի բեկորներից խոցուած` Պետոն կնքում է իր մահկանացուն, իսկ հաշուած րոպէներ անց այդ նոյն ճանապարհով մեքենաներով, արդէն անարգել, անցնում էին ղարաբաղեան բանակի զինուորները:

ԼՂՀ-ից դէպի Մռաւ եւ Օմարի լեռնանցք ձգուող մայրուղին բաց է…

Պետոյի գործի միակ չափանիշը անմահութիւնն է, քանզի մահն անգամ նրան չբաժանեց իր ժողովրդից. Արցախի հերոս, ազատամարտիկ, հրամանատար Պետրոս Ղեւոնդեանը 1996 թուականին ԼՂՀ-ի կողմից յետմահու պարգեւատրուել է «Մարտական խաչ» շքանշանով: Նոյն թուականին ՀՀ-ի կողմից յետմահու պարգեւատրուել է Արիութեան մետալով, աւելի ուշ ստացել է «Ոսկէ արծիւ» շքանշանը` արժանանալով «Արցախի հերոս» կոչմանը: Նրա անունով են կոչուել Պռօշեանի, Եղէգնուտի եւ Քաշաթաղի շրջանի Տիգրանաւան գիւղի միջնակարգ դպրոցները: Իսկ 2007 թուականին նրա հարազատ ֆաքիւլթէում բացուեց «Պետրոս Ղեւոնդեան» անունը կրող լսարան:

___________________________________________________

Յաւերժ Փա՛ռք Քեզ, Պետրոս Ղեւոնդեան…

Հրամանատար Պետոյին
(Պետօ Ղեւոնդեանի յիշատակին)

Մեծ Մռովից մինչ Հորատիզ
Փառքի ճամբայ ես անցել
Ու այդ ճամբին քո համբաւից
Մեր ձորերն են թնդացել:
Հրամանատար անվախ ընկեր,
Դաշնակցական քաջ զինուոր,
Քո քաջ բազկի հուժկու զարկից
Թուրքն էր ընկնում ամէն օր:
Դէպ Օմար սար, դէպ մեծ ճամպազ,
Դէպի կարօտ սուրբ երդում,
Ուր Օմարում յաղթած վայրում
Լուսէ խաչն է իր կերտում:
(Կրկներգ)
Հրամանատար….
Զինուորն ընկաւ, քաջ ֆետային,
Մեծ Մռովը սարսռաց
Ու երկնքից ձմրան կէսին
Անձրեւ տեղաց` որպէս լաց:
Գնաց Պետոն, մեծ երամին
Մի նոր արծիւ միացաւ,
Փա՜ռք քեզ, Պետօ՛, փա՜ռք երամիդ,
Հայոց սրտերն դառնացան:
Դաշնակցական դու քաջ զինուոր,
Հրամանատար մեր ընկեր,
Քո բազուկի հուժկու զարկից
Քանի թուրքեր են սատկել:
(Կրկներգ)
Հրամանատար….