«Հայաստան» Խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեանի ելոյթը ԱԺի առաջին նիստին

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմնի ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեան 3 Օգոստոսին 9րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստին արտասանած իր ելոյթին մէջ անդրադարձաւ Հայաստանի դիմաց ծառացած մարտահրաւէրներուն եւ զանոնք շրջանցելու պատկերացումներուն։ Ան շեշտեց, որ նորընտիր խորհրդարանը ունի օրինականութեան լրջագոյն խնդիր։
Ստորեւ՝ Սաղաթէլեանին ելոյթը.
«Այսօր ես չեմ խօսելու Ազգային ժողովի նախագահի թեկնածուի անձի եւ Ազգային ժողովի նախագահի ընտրութեան մասին: Խոշոր հաշուով, որեւէ նշանակութիւն չունի, թէ գործող ռեժիմի (վարչակարգի) ո՛ր ներկայացուցիչը կը լինի Ազգային ժողովի խօսնակ, ովքեր կը նստեն այս վերեւի աթոռներին: Որովհետեւ բոլորը իրականացնելու են այն քաղաքական գիծը, որ այս ընթացքում իրականացրել են: Հետեւաբար, Ազգային ժողովի անդրանիկ նիստում այս ամպիոնից ես խօսելու եմ մեր անելիքների, Հայաստանի Հանրապետութեան առջեւ կանգնած մարտահրաւէրների մասին եւ ամենակարեւորը՝ խօսելու եմ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հետ:
«Սիրելի՛ հայրենակից, մենք տարիներ միասին պայքարել ենք, այս ամպիոնից ու Հայաստանի Հանրապետութեան տարբեր հրապարակներից բարձրաձայնել ենք մի շարք կարեւոր խնդիրներ: Խօսել ենք այս իշխանութեան բնոյթի եւ բովանդակութեան մասին: Դժբախտաբար, մեր բոլոր գնահատականները, մտահոգութիւնները եւ կանխատեսումներն իրականութիւն են դարձել՝ Արցախի հայաթափումից մինչեւ անվտանգութեան համակարգի փլուզում: Պաքուի բանտերում տանջուող հայ գերիներից մինչեւ Ատրպէյճանի նորանոր պահանջներ, սոցիալ (ընկերային)-տնտեսական հարցերից մինչեւ խաղաղամոլութեան ու թմրամոլութեան ահագնացող աճ, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու վրայ յարձակումից մինչեւ տասնեակ քաղբանտարկեալներ։ Մենք ամէն ինչ արել ենք, բարձրաձայնել ենք, պայքարել ենք, որ այս կէտին չհասնենք։
«Ցաւօք, այս կորուստների, զիջումների շղթան ընտրութիւններով չկտրուեց: Այո՛, պարոն Ռուբինեան, Յունիսի 7ի ընտրութիւններին ընդդիմութիւնը չի յաղթել, եւ դա վատ է, որ չի յաղթել, բայց չի յաղթել նաեւ օրուայ իշխանութիւնը: Յունիսի 7ի ընտրութիւնները Հայաստանի պատմութեան մէջ ամենախայտառակ ընտրութիւններից մէկն են եղել: Վարչական ռեսուրսի (կարողականութեան) աննախադէպ եւ բացայայտ կիրառում: Պետական պիւտճէի հաշուին սեփական քարոզարշաւի ֆինանսաւորում, պատերազմի սպառնալիքով Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների նկատմամբ տեռոր (ահաբեկչութիւն), ընդդիմադիր գործիչների ձերբակալութիւն, կալանաւորումներ, նախընտրական շտաբների գործունէութեան պարալիզացում (անդամալուծում)։ Այս պայմաններում են տեղի ունեցել ընտրութիւնները։ Եւ ի վերջոյ՝ ընդդիմադիր շեմը յաղթահարած ուժի՝ «Բարգաւաճ Հայաստան»ի ձայները գողացուել են։
«Հետեւաբար այս խորհրդարանն ունի լեգիտիմութեան (օրինականութեան) լրջագոյն խնդիր, նաեւ այս խորհրդարանի ձեւաւորած կառավարութիւնը, եւ այդ մասին դուք եւս լաւ գիտէք:
«Սիրելի՛ հայրենակիցներ, այս ամէն ինչից յետոյ հարց է առաջանում՝ ի՞նչ է անում ընդդիմութիւնն այս դահլիճում եւ ի՞նչ անելիք ունի առաջիկայում: Շատ պարզ եւ ուղիղ ձեւակերպեմ․ մենք այստեղ ենք մեր առաջիկայ քաղաքական պայքարը կազմակերպելու եւ մեր համազգային նպատակները առաջ մղելու համար: Մենք այստեղ ենք Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիների հարցերը բարձրաձայնելու, Պաքւում գտնուող գերիների խնդիրներից խօսելու, Հայաստանի օկուպացուած (բռնագրաւուած) տարածքների մասին բարձրաձայնելու եւ այո՛, Արցախի ժողովրդի հաւաքական վերադարձի իրաւունքը բարձրաձայնելու համար: Արդեօ՞ք սա բաւարար է փոփոխութեան հասնելու համար: Միանշանակ՝ ո՛չ:
«Սիրելի՛ հայրենակից, մենք գիտենք, որ փոփոխութեան հասնելու պահանջը ձեւակերպուած է ընդդիմութիւնից, մասնաւորապէս՝ խորհրդարանական ընդդիմութիւնից: Մենք ընդունում ենք այդ պահանջը, քննադատութիւնը, մտնում ենք այդ պատասխանատուութեան տակ եւ ամէն ինչ անելու ենք փոփոխութեան հասնելու համար: Մեզ պէտք է ձեր աջակցութիւնը, ձեր վստահութիւնը եւ թիկունքը, որպէսզի գնանք առաջ:
«Այս օրերին Հայաստանի Հանրապետութեան համար համակարգային ընդդիմութիւնն անհրաժեշտութիւն է․ դա նաեւ դիմադրութիւն է մեզ պարտադրուող արտաքին եւ ներքին օրակարգերը խափանելու եւ մերժելու համար: Իսկ ինչ վերաբերւում է ընդդիմութեան եւ իշխանութեան տարբերութեանը․ ուզում եմ շատ յստակ լինի, մեր եւ ձեր հակասութիւնները, առճակատումները չթաքցնեմ՝ երբեմն ատելութիւնը անձնական բնոյթ չունի, դա ունի խորը գաղափարական հենք, դա մեր պետութեան անցեալի, ներկայի եւ ապագայի մասին պատկերացումներն են: Այն մոտելը, որ դուք առաջարկում էք «իրական Հայաստանի» փաթեթաւորմամբ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացիներին, դա ինքնաոչնչացման եւ կործանման ճանապարհ է: Մենք չենք կարող թոյլ տալ, որ հայկական պետութիւնն ունենայ Ատրպէյճանի պահանջած սահմանադրութիւնը: Մենք չենք կարող թոյլ տալ, որ հրաժարուենք մեր անցեալից, մեր ժառանգութիւնից, մեր իրաւունքներից, ուրանալ Հայոց Ցեղասպանութիւնը: Մենք չենք կարող թոյլ տալ, որ Հայաստանի Հանրապետութեան քաղաքացուն ընտրուելու եւ ընտրելու համար ազատազրկեն, խլեն սեփականութիւնը: Ազատ խօսքը Հայաստանում ոչ միայն վտանգուած է, այլեւ գողացուած։ Մենք մերժում ենք այս իրականութիւնը։
«Մեր այլընտրանքը անվտանգ եւ մրցունակ Հայաստանն է, բայց էութեամբ եւ բնոյթով՝ հայկական Հայաստանը, որը ապրում է խաղաղ, բայց միեւնոյն ժամանակ պատրաստ է պաշտպանելու իրեն, ով չի հրաժարւում իր քաղաքացիների իրաւունքներից, իր համազգային նպատակներից, Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչման պահանջից, ով չի հրաժարւում Արցախում գտնուող հայ գերիներից:
«Սիրելի՛ հայրենակից, իսկապէս ընդդիմութիւն-իշխանութիւն այս հակասութիւնը սովորական կռիւ չէ։ Սա, նորից եմ կրկնում, հայկական դիմադրութիւն է, որը պէտք է կարողանանք առաջ տանել։ Ես հաւատում եմ հայ ժողովրդի յաղթանակին, հայ ժողովրդի ապագային, եւ ամէն ինչ անելու ենք այս ընթացքը կասեցնելու, երկիրը պետական ազգային ուղեգիծ վերադարձնելու եւ փոփոխութեան հասնելու համար:
«Եւ վերջում․ պարո՛ն Ռուբինեան, Դաշնակցութիւնը ձեզ, «Քաղաքացիական պայմանագիր»ին, Նիկոլ Փաշինեանին չի մեղադրում Թուրքիայի եւ Ատրպէյճանի հետ բանակցութիւնների համար: Մենք ձեզ մեղադրում ենք Թուրքիայի եւ Ատրպէյճանի պահանջները խոնարհաբար իրականացնելու համար:
«Եւ մի բան էլ ասեմ, որ յետոյ չասէք՝ չեն ասում: Լաւ իմացէք, դուք մեր ժողովրդի կողմից, ժողովրդի մեծամասնութեան կողմից չունէք մանդատ երկիրը նոր զիջումներ տանելու, դուք չունէք մանդատ անկլաւների անուան տակ Տիգրանաշէն յանձնելու, դուք չունէք մանդատ սահմանագծման եւ սահմանազատման անուան տակ Հայաստանից նոր տարածքներ յանձնելու։ Դուք ժողովրդի մեծամասնութեան կողմից չունէք մանդատ Ատրպէյճանի պահանջով Հայաստանի սահմանադրութիւնը փոխելու, անկախութեան հռչակագրից հրաժարուելու, Հայոց Ցեղասպանութիւնը ուրանալու համար։ Եւ վերջապէս, դուք ժողովրդի մեծամասնութեան անունից չունէք մանդատ երկիրը նոր արկածախնդրութեան տանելու»։