Հայոց ազատամարտի դրոշը շատ վաղուց այդքան հպարտ չէր ծածանվել

07 de mayo de 2020

Հարցազրույց Արցախյան ազատագրական պայքարում ՀՅ Դաշնակցության մարտական գործունեության կազմակերպիչ և պատասխանատու Հրանտ Մարգարյանի հետ

- Ընկե՛ր Հրանտ, մայիսը իրավացիորեն համարվում է հայության հաղթանակների ամիս: Այդ հաղթանակների շարքում իր փառավոր տեղն ունի Շուշիի ազատագրումը: Ի՞նչ նշանակություն ունեցավ այն Արցախյան ազատագրական պայքարի համար:

- Շուշիի ազատագրումը բազմակողմանի և շատ խոր ազդեցություն ունեցավ թե՛ Արցախյան ազատագրական պայքարի, թե՛ Հայաստանի անկախ պետականության կերտման ընթացքի վրա: Այն չափազանց կարևոր էր նաև մեր ժողովրդի ոգու ամրապնդման ու մեր պետության քաղաքական հեռանկարի առումով: Առանց Շուշիի ազատագրման` ազատ Արցախ, ազատագրված Արցախ, անկախ Արցախ պատկերացումն անգամ հնարավոր չէր։

Հիշում եմ՝ նախքան Շուշիի ազատագրումը ՀՀ-ում Արցախի շտաբի այդ ժամանակվա պատասխանատուն ինձ և լուսահոգի ընկեր Վահան Հովհաննիսյանին հանդիպման հրավիրեց՝ զրույցի։ Նա փորձում էր քննարկել մեզ հետ, թե արդյոք հնարավո՞ր չէ խուսափել Շուշին ազատագրելու մտքից: Ապշեցի՝ ինչպես կարող էր մարդը, ով Արցախի շտաբի պետն է, այդպես մտածել: Անկախ ինձանից հարցրի՝ Դուք եղե՞լ եք Արցախում: Պատասխանը «ոչ» էր: Այդ մարդուն առաջարկեցի՝ նախ կարդացեք Րաֆֆի, ով ասում է` եթե մեկը չի եղել Արևմտահայաստանում, նա չի կարող ծրագրել Արևմտահայաստանի ազատագրումը, հետո Արցախ գնացեք, Ձեր աչքով տեսեք Արցախը, Շուշին և ստեղծված վիճակը ու դրանից հետո մտածեք՝ Դուք Ձեր տեղո՞ւմ եք, թե՞ ոչ:

Չազատագրված Շուշին նստած էր Արցախի շնչի վրա: Առանց Շուշիի մենք ոչ միայն ազատագրված Արցախ չէինք ունենա, այլև հավանաբար հայաբնակ Արցախ էլ չէինք ունենա։ Շուշիի ազատագրմամբ ունեցանք ազատագրված Արցախ, և հնարավոր եղավ վերականգնել Արցախի և մայր հայրենիքի կապը։

9 դար շարունակ մենք կորուստների պատմություն ենք ունեցել, և Շուշիի ազատագրումով մենք բան փոխեցինք, ու մենք փոխվեցինք, ամրացրինք մեր ազգային արժանապատվությունն ու ինքնավստահությունը։ Դա հիրավի մեծ շրջադարձ էր մեր կյանքում: Մեր պետականությունը սկսեց կամա-ակամա ազգային նկարագիր ձեռք բերել, իսկ հայ ժողովուրդը` իր սեփական ուժերի և իր լուսավոր ապագայի հանդեպ հավատ ու վստահություն։

- Մինչ Շուշիի ազատագրումը այս բերդաքաղաքն անառիկ էր թվում, բայց հայկական մարտական ուժերը տիրացան նրան թերևս հնարավոր նվազագույն կորուստներով: Նույնիսկ ասվում էր, թե Շուշին հեշտ ազատագրվեց: Որտե՞ղ է թաքնված այդ հաջողության գաղտնիքը՝ լավ մշակված ռազմական մարտավարությա՞ն մեջ, հայ մարտիկի քաջությա՞ն, ժողովրդի ոգո՞ւ, թե՞ այլ տեղ: Ի վերջո ի՞նչ գործոններ կատարեցին որոշիչ դերը:

– Շուշիի ազատագրումը շատ համարձակ գործ էր թե՛ ռազմական առումով, թե՛ քաղաքական իմաստով։ Բայց առաջին հերթին դժվար և պատասխանատու հարց էր հենց ազատագրելու որոշումը: Ենթադրվում էր՝ մեծ են լինելու մարդկային կորուստները, իսկ ցանկալի արդյունքը չապահովելու դեպքում նույնքան մեծ ու անկանխատեսելի էին լինելու հետևանքները՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին առումով:

Նաև կար այն հանգամանքը, որ նրանք, ովքեր պետք է կայացնեին որոշումը, ընդհանրապես նույնանման չէին մտածում. ոչ բոլորն էին Շուշի ազատագրումը անհրաժեշտություն համարում, և հաճախ այն չէր համապատասխանում Արցախի հարցի լուծման իրենց պատկերացումներին ։

Այնուամենայնիվ, այդ օրերի իրականությունում հնարավոր չէր նման որոշում չկայացնել. կար համընդհանուր պահանջ, ճնշող, ավելի ճիշտ՝ պարտադրող մթնոլորտ։ Շուշին ազատագրելու խնդիրն այլընտրանք չուներ. նախ պահանջատեր էին արցախցիները, ապա` Դաշնակցությունը, որը լրջագույն դերակատարություն ուներ Արցախում, և վերջապես` նույն իշխանությունների մեջ առկա ազգային թևը։ Իսկ ամենակարևորը՝ հազարավոր հայորդիներ պատրաստ էին նետվելու մարտի՝ արհամարհելով վտանգը և միաժամանակ պաշտոնական Երևանի տատանումներն ու ուշացող որոշումը։ Պարզ էր` Շուշին ազատագրելու գործողությունը սկսվելու էր որոշումով կամ առանց որոշման։

Անշուշտ, Շուշիի ազատագրման ծրագիրը վարպետորեն էր մշակվել: Այստեղ արժանին պետք է մատուցել գեներալներ Արկադի Տեր-Թադևոսյանին և Ֆելիքս Գզողյանին։ Սակայն Շուշիի ազատագրման ոգին Աշոտ Ղուլյանն էր՝ Աշոտ Ասկոլկան կամ Բեկոր Աշոտը, նաև Արցախի զինված ուժերի առաջին հրամատար Արկադի Կարապետյանը՝ դաշնակ Ակոն։ Մինչև հիմա ականջներիս մեջ զնգում է Աշոտի անթելից հնչող ոգևորող, պահանջող, անընդհատ մարտի կոչող ձայնը: Բեկորն էր, որ առաջ տարավ հարյուրավոր զինվորների՝ պատրաստ, ասես մագնիս դարձած, իր մարմնում ընդունելու թշնամու բոլոր փամփուշտները, Բեկորն էր, որ առաջինը բարձրացավ Շուշիի բերդի վրա՝ ասես հաղթանակի դրոշակ: Հիշում եմ` գործողությունը հենց նոր էր ավարտվել, տեսա իրեն. դեմքը երջանկությունից փայլում էր: Նկատեցի, որ վիրավոր է. ռումբի բեկորը հերթական անգամ մխրճվել էր ձեռքի մեջ: Ասացի` իջնի Ստեփանակերտ՝ հոսպիտալ: Կտրուկ մերժեց` ասելով, թե վտանգավոր պահ է, և ամեն րոպե հնարավոր է թշնամու հակահարձակումը: Իրական քաջ էր Բեկոր Աշոտը, հերոս։ Իհարկե, քաջ հերոսներ էին նաև մյուս բոլոր ազատամարտիկները, ովքեր առանց տատանվելու նետվեցին մարտի՝ հրաշալի գիտակցելով, որ ամեն վայրկյան կարող են ընկնել դիրքային անասելի առավելություն ունեցող թշնամու կրակոցից: Նրանք երկար էին սպասել գործողության մեկնարկին, ոգևորությունը բարձր էր, գնում էին վճռականորեն, երգով ու անվախ: Աչքիս առաջ պատկերվում են Դուշման Վարդանը, իրանահայ Փոքր Հրանտը՝ Հրանտ Մինասյանը, լիբանանահայ Էլի-Գոգոն և հազարավոր տղերք, ովքեր հպարտ էին, համեստ ու ուրախ թե՛ նախքան գործողությունը, թե՛ գործողությունից հետո։ Գիտակցո՞ւմ էին՝ որքան մեծ գործ էին արել, թե՞ ոչ` չգիտեմ, բայց շրջել էին հայոց պատմության պարտությունների էջը։

Շուշիի ազատագրումը հաջողվեց մեզ այնպես, ինչպես եղավ, նաև որովհետև մենք նախքան այդ արդեն հոգեբանորեն հաղթած էինք, իսկ թշնամին՝ պարտված։

Մի խորհրդանշական պատմություն եմ ուզում հիշել, որը գուցե էլի եմ առիթ ունեցել պատմելու:

Շուշիի գրավումից ամիսներ առաջ ընկեր Վահան Հովհաննիսյանի հետ այցելեցինք Շուշվա բարձունքների տակ ծվարած Քարին տակ գյուղ: Հերթական այցելությունն էր մեր կռվող տղաներին, բայց ստիպված էինք այն կատարել գիշերով, որովհետև ցերեկը գյուղն անշարժության էր մատնված. ցանկացած շարժվող թիրախ էր բարձունքից՝ Շուշիից։ Գյուղը մենք տեսանք կամ չտեսանք գիշերով, համատարած մթության մեջ և հեռացանք գյուղից լույսը չբացված։ Այցելությունը մեզ վրա ծանր ազդեցություն ունեցավ, երկար ժամանակ մտածում էինք` ինչ մեծ զոհաբերությունների գնով են ազատամարտիկները պահում գյուղը: Ամբողջ ցերեկը նրանք ստիպված էին անշարժ մնալ իրենց դիրքերում՝ զգուշանալով թշնամու կրակոցներից, իսկ գիշերվա մթի մեջ շարժվելիս ստիպված էին զգուշանալ Շուշվա բարձունքից անընդհատ գլորվող ժայռակտորներից, որոնք թնդանոթի արկերի նման հազարավոր բեկորների էին վերածվում՝ սփռվելով գյուղի ողջ տարածքով: Բայց մարդիկ մնում էին անտրտունջ ու անխռով՝ սպասելով Շուշիի ազատագրմանը, որը միաժամանակ ու առաջին հերթին Քարին տակի ազատագրում էր նշանակում։

Շուշիի ազատագրումից անմիջապես հետո, երբ քայլում էինք քաղաքի փողոցներով, որտեղ դեռ թարմ էր վառոդի հոտը, անընդհատ մտածում էի` ինչու թշնամին չկարողացավ լավագույնս օգտագործել իր դիրքային ահռելի առավելությունը, ինչու ազերիներն այսքան հեշտ լքեցին իրենց դիրքերը, քաղաքը։ Պատասխանը ինքս ինձ համար հետո պիտի գտնեի, երբ կրկին իջնեի Քարին տակ:

Մինչ այդ տեսնում էի անշունչ, անհոգի, անտեր Շուշին, որն ազերիները ուրվական քաղաքի էին վերածել: Անխնամ տներն ու բակերը, անմշակ պարտեզներն ու այգիները, կեղտոտ փողոցներն ու մայթերը այնպիսի տպավորություն էին թողնում, կարծես վաղուց լքված քաղաքում էինք, թեպետ դեռ տներ կային, ուր տաք վառարանների վրա եռում էին թեյնիկները:
Մինչդեռ Քարին տակում բոլորովին այլ էր պատկերը: Գյուղը խնամված էր, այգիները` մշակված, մարդիկ նույնիսկ ցանք էին արել: Փաստորեն, այդ ծանր ու անտանելի պայմաններում անգամ ժողովուրդը գիշերով մշակել էր իր հողը, որովհետև այն իրենն էր, որովհետև հավատացել էր վաղվա օրվան, որովհետև հավատացել էր իր հաղթանակին ու իր ապագային: Իսկ անառիկ համարվող Շուշիում ազերիներն ի սկզբանե պարտված էին համարել իրենց։ Ահա և հարցի պատասխանը:

– Դաշնակցության Բյուրոյի պաշտոնաթերթի համար արվող հարցազրույցի ժամանակ չենք կարող չհարցնել Շուշիի ազատագրության գործում Դաշնակցության ջոկատների դերակատարության մասին: Ու թեև այս հարցի շուրջ Դաշնակցությունը խուսափում է շատ բան ասելուց, խնդրում եմ, թեկուզ մի քանի նախադասությամբ, անդրադառնալ ընդհանրապես Արցախյան ազատամարտի կազմակերպման և իրականացման գործում Դաշնակցության դերակատարությանը:

– Անկեղծորեն չէի ուզենա կամա-ակամա նսեմացնել որևէ ուժի դերակատարությունը, դերակատարության չափն ու կարևորությունը: Արցախյան ազատամարտի կազմակերպման, իրականացման հարցում բոլորն էլ ունեցել են իրենց բաժին դերակատարությունը, մեկը` մի քիչ մեծ, մյուսը` մի քիչ փոքր, բայց միշտ կարևոր ու անուրանալի։ Սակայն անարդարորեն մինչ այսօր փորձ է արվում փոքրացնելու մե՛րը, լռության մատնելով՝ նսեմացնելու Դաշնակցության կատարած գործն ու ունեցած դերակատարությունը։ Թեպետ հարցազրույցի ծավալը թույլ չի տալիս ըստ արժանվույն ու լրջորեն անդրադառնալ այդ ամենին, բայց պետք է փորձեմ սեղմ ու հակիրճ նշել որոշ կետեր։

ՀՅԴ ներկայությունն ու գործունեությունը Արցախում զանազան հանգրվաններ ունեցավ:

Դաշնակցությունը նախ իբրև գաղափարախոսություն մուտք գործեց Արցախ: Նախքան այն, որ մենք որևէ աշխատանք կծավալեինք Արցախում, մի խումբ երիտասարդներ ստեղծել էին մի նոր կուսակցություն, եթե չեմ սխալվում՝ «Արցախի ազգային սոցիալիստական կուսակցություն» անվամբ, և ամբողջությամբ իբրև իրենց կուսակցության ծրագիր ընդունել էին Դաշնակցության ծրագիրը: Բոլոր այդ երիտասարդները անդամագրվեցին ՀՅԴ-ին։

Դաշնակցությունը` իբրև ազգային-ազատագրական պայքարի գաղափարակիր կուսակցություն, այդ հանգրվանին կենսական անհրաժեշտություն էր Արցախում։ ՀՅԴ-ն հորդորում և պահանջում էր հույսը չդնել ո՛չ Մոսկվայի, ո՛չ Գորբաչովի, ո՛չ պարտիայի վրա, այլ ոտքի ելնել, կազմակերպվել և պաշտպանել մեր իրավունքները՝ վստահ լինելով, որ պայքարն օրըստօրե կհզորացնի մեզ, անկարևոր կդառնան ուժերի պարզ մաթեմատիկական հարաբերությունները, և այլոց քաղաքականությունը ևս կփոխվի ի նպաստ մեզ:

Մեզ չպետք է հուսախաբ անի Մոսկվայի ադրբեջանանպաստ կեցվածքը, ոչ էլ թևաթափ պետք է լինենք ի տես պաշտոնական Երևանի անվճռականությունների։ Չպետք է հակադրվել ո՛չ Մոսկվային, ո՛չ էլ պաշտոնական Երևանին, այլ լծվել աշխատանքի, կազմակերպել ազգային-ազատագրական պայքարը և մարտի դուրս գալ: Եթե կարողանանք նոր իրավիճակ ստեղծել, Մոսկվայի համար կառաջանան նոր շահեր, հետևաբար կունենա այլ դիրքորոշում, իսկ պաշտոնական Երևանը վաղ թե ուշ պարտավորվելու է տեր կանգնել իրական պայքարի դուրս եկած Արցախին։

Այդ օրերին Արցախում էր ՀՅ Դաշնակցության Բյուրոյի գործիչ ընկեր Վարանդ Փափազյանը, ով կարևոր դեր ունեցավ տեղի մեր ընկերների հետ աշխատելու, դաշնակցական մտածողության ամրագրման հարցում։

Դեռ 1990 թվականն էր, Արցախում իշխանությունը Կոմունիստական կուսակցության ձեռքում էր: Մենք համագործակցության մեջ էինք, այսպես կոչված, Հայաստանի ՀՀՇ-ին հարող թևի հետ և ունեինք միացյալ շտաբ, որում ընդգրկված էին Դաշնակցության կողմից Արկադի Կարապետյանը, Գեորգի Պետրոսյանը, Ժաննա Գալստյանն ու Վալերի Բալայանը, իսկ մյուս կողմից` Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Մուրադ Պետրոսյանը և Սամվել Բաբայանը։ Շտաբը ղեկավարում էր իբրև չեզոք անձ` Արցախի թեմի առաջնորդ Պարգև սրբազանը։ Ի միջի այլոց, այդ օրերին չբացահայտված դաշնակցական էր Սամվել Բաբայանը, որը նիստերին մասնակցում էր իբրև մյուս կողմի ներկայացուցիչ։

Շտաբի նիստերից մեկին, որին մասնակցել եմ նաև ես, համոզեցինք մեկս մյուսին, որ ժամանակն է ինքնապաշտպանությունից պարտիզանական կռիվների անցնել։

Մենք անցանք աշխատանքի, գրեթե բոլոր շրջաններում ձևավորվեցին խմբեր, կոմիտեություններ, և վերջապես ձևավորվեց Արցախի կենտրոնական կոմիտեությունը։ Մեր կառույցի հիման վրա կազմակերպվեց նաև ազգային-ազատագրական պայքարը: ՀՀ-ից և Սփյուռքից ժամանած փորձառու մարզիչների կողմից Արցախի տարբեր շրջաններում ու միաժամանակ ՀՀ բոլոր մարզերում նախաձեռնեցինք մարտական խմբերի կազմման, մարզումների ու զինման աշխատանքները։ Շնորհիվ այն բանի, որ մեզ հաջողվեց մեծ քանակությամբ զենք ձեռք բերել և տեղափոխել նախ Հայաստան, ապա Արցախ, սկզբնական շրջանում գետնի վրա թշնամու հարաբերությամբ ունեցանք զգալի առավելություն։

Մինչ այդ արցախցին թշնամու ոտնձգություններին դիմադրում էր, ինչպես կարողանում էր՝ քարերով կռիվներից մինչև որսորդական, ինքնաշեն հրացաններով մարտեր, որտեղ չկար կենտրոնացված ղեկավարում և ծրագրում: Գործն ամփոփվում էր անասնագողությունները կանխելով, ինքնաբուխ կերպով գյուղերը պաշտպանելով: Մենք հաջողեցինք մարզված, մարտական զենքերով զինված խմբերի միջոցով կազմակերպել շատ ու շատ շրջանների ինքնապաշտպանության գործը` կարգավորելով նաև կենտրոնացած հրամանատարությունը։

Արցախի ինքնապաշտպանության գործը հիմնականում ծանրացած էր տեղական ուժերի վրա. բացառություն էին կազմում Շահումյանի և Բերդաձորի ծայրամասային շրջանները, որոնք հաճախ թշնամու հարձակումների թիրախ էին, և այնտեղ մշտապես ներկայություն ունեին Հայաստանից մեր մարտական խմբերը։

Դեռ թրքական և ռուսական ուժերը ներկայություն էին Արցախում, և մենք որոշեցինք անցնել պարտիզանական պայքարի: Անհանգստությունները և մտահոգությունները մեծ էին: Պարտավորվեցինք ամրացնել շրջանների պաշտպանական հնարավորությունները, Հայաստանից մեծ թվով մարտական խմբեր փոխադրեցինք Արցախ և նախաձեռնեցինք առաջին պարտիզանական հարձակումները Խոջալուի, Լեսնոյի և Ղարադաղլուի վրա, որոնք երեքն էլ կարևոր ռազմավարական դիրք էին զբաղեցնում։

Երբ 91 թվականին Ռուսաստանն անակնկալ կերպով զորքերը հանեց Արցախից, պաշտոնական Երևանը չէր համարձակվում տեր կանգնել Արցախին: Անորոշությունը մեծ էր, բայց մեր կազմակերպության առկայությունը օգնեց վիճակից ելք գտնել: Մենք տեր դարձանք լքված ռուսական զենքին, մեր Մարտական խորհրդի հիմքի վրա ձևավորվեց զինված ուժերի հրամանատարություն՝ Արկադի Կարապետյանի հրամանատարությամբ։ Իսկ քաղաքական անորոշությունից փորձեցինք ելք գտնել Գերագույն խորհրդի նոր ընտրությունների կազմակերպմամբ, և քանի որ մենք արդեն իսկ կազմակերպված էինք, ունեցանք Գերագույն խորհրդում մեծամասնություն, և ԳԽ նախագահ ընտրվեց Դաշնակցության թեկնածու Արթուր Մկրտչյանը։ Անկախության հանրաքվե կազմակերպվեց, Արցախը անկախացավ։

Փաստորեն, մենք կարողացանք անդուլ աշխատանքով, պայքարով, հարյուրավոր ընկերների կյանքի գնով կարևոր, շատ կարևոր դերակատարություն ունենալ Արցախի ազատագրման և հայկական 2-րդ անկախ պետականության կերտման գործում։

Շուշիի ազատագրման գործում ՀՅԴ դերակատարությանը անդրադառնալով՝ ասեմ, որ մենք գործողությանը մասնակցել ենք միայն Հայաստանից ավելի քան 2000 ազատամարտիկներով` նույնքան ուժ կազմ ու պատրաստ ունենալով հերթափոխի։

Սակայն, չնայած կարևոր էր, մեր ուժերի շարունակական, կազմակերպված ներկայությունը հարցը առաջին հերթին կարևորվում էր հոգեբանական առումով։ Մինչ ռուսների հեռացումը Արցախից, ինչպես արդեն ասացի, Շահումյանի և Բերդաձորի շրջաններից զատ, մենք բուն Արցախում բացեիբաց ներկայություն չէինք: Եվ քանի որ ռուսների հեռանալուց հետո անհրաժեշտ էր մենակ մնացած արցախցուն հույս ներշնչել, մենք շատ լավ պատրաստված ու զինված մի վաշտ ուղարկեցինք Ստեփանակերտ, որն անմիջապես մասնակից դարձավ Կրկժանի մարտերին: Այս վաշտի հիմքի վրա ձևավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը, որը պատվով կատարեց Արցախի բանակի բոլոր հանձնարարությունները։

Այստեղ ևս կուզեի մի դեպք հիշել. մեր վաշտը մի քանի օր էր ժամանել Ստեփանակերտ, ես վայրէջք կատարեցի Քոլատակ կոչվող գյուղում և մի անծանոթ տեղացի վարորդի հետ շարունակեցի ճամփորդությունս դեպի Ստեփանակերտ: Ճանապարհին վարորդին հարցրի՝ ինչ կա-չկա, ոնց է ժողովուրդը: Վարորդը, որ ինձ չէր ճանաչում, ասաց. «Ախպե՛ր, հարց չկա, լիբանանցի դաշնակները՝ մինչև ատամները զինված, էնա Ստեփանակերտում են, էլ հարց չունենք»։ Իհարկե, հարյուրից ավելի կռվողների մեջ մեկ լիբանանահայ կար, բայց տպավորությունն էր, որ կարևոր էր։

Խոսքս ավարտեմ մի հուշ ևս պատմելով, որն ավելի խոսուն կդարձնի այդ օրերին Արցախում մեր շուրջ տիրող մթնոլորտը։

Շուշիի ազատագրումից որոշ ժամանակ առաջ մեր դասակներից մեկը հետախուզական աշխատանքների համար տեղակայվել էր Շուշիի թիկունքում գտնվող մի գյուղում: Նոր էին տղաները տեղավորվում, ես ևս այնտեղ էի, երբ մի արցախցի տատիկ սկսեց անիծել մեզ, հետո դիմեց ինձ, թե ինչու եք ուզում այս տղաներին տանել կոտորելու: Փորձեցի հանգստացնել՝ ասելով, թե ինչու է մտածում, որ տղերքը պիտի կոտորվեն: Ձեռքն ուղղեց դեպի Շուշիի բարձունք և ասաց. «Դու գիտե՞ս` այնտեղ ովքեր են. ադրբեջանցի դաշնակները, նրանց հաղթել հնարավոր չէ»։ Մոռացա գաղտնապահության օրենքները և ասացի. «Տատի՛, այս բոլոր տղերքը իսկական դաշնակցականներ են»։ Երբ լսեց տատին այս մասին, միանգամից փոխվեց, դեմքը խաչակնքեց, ձեռքերը խաչաձև դրեց կրծքին և ասաց. «Եթե դաշնակցական եք, բան չունեմ ասելու»: Ու լուռ հեռացավ։

«Դրօշակ», թիվ 5 (1639), մայիս, 2020 թ.