Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց երթը դեպի Եռաբլուր

26 de septiembre de 2021

Սեպտեմբերի 26-ին Երևանի Գարեգին Նժդեհի հրապարակից Սուրբ խաչի և պետականությունը խորհրդանշող դրոշների առաջնորդությամբ մեկնարկեց «Հայաստան» դաշինքի կազմակերպած ջահերով երթը դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմի նահատակների։

Երթին մասնակցում էր ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը, «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, խմբակցության պատգամավորները, ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների անդամներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ: Երթին միացել էին բազմաթիվ քաղաքացիներ։

«Այս քայլերթի նպատակն է արձանագրել՝ մենք տերն ենք մեր նահատակների թափած արյան, իրենց գաղափարի ու նվիրումի արդյունքում գոյություն ունեցող մեր պետականության։ Կան շատուշատ հայորդիներ, ովքեր գիտակցելով մեր պետականության, ժողովրդի առաջ ծառացած այս դժվարին կացությունը, շարունակողն են այն պայքարի, որ դարեր ի վեր մղել են մեր փառապանծ նախնիները, շարունակեցին արցախյան վերջին պատերազմի մեր հերոսները։

Համոզված ենք՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցնող ոչ մի մարդ անպատիժ չի մնալու, մեր պայքարը շարունակվում է»,- հայտարարվեց քայլերթից առաջ։

Երթն ընթանում էր լուռ, միայն բարձրախոսով հնչում են 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների անունները:

«Հայաստան» դաշինքի նախաձեռնած երթ-մոմավառությունը հասավ Եռաբլուր: Այստեղ հնչեց Տերունական աղոթք։ Եկեղեցականները հոգեւոր կարգ մատուցեցին: Քահանայի հորդորով, երթի մասնակիցները իրենց ձեռքի վառ կանթեղները տեղադրեցին նահատակների շիրմաքարերի վրա։