Հարցուպատասխան Ֆրանսիայի հրապարակում՝ ընդդիմադիր պատգամավորների մասնակցությամբ

25 de mayo de 2022

Այսօր, մայիսի 25-ին Ֆրանսիայի հրապարակում տեղի ունեցավ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մասնակցությամբ հարցուպատասխան։

Նշենք, որ այդ ժամին Ազգային ժողովում տեղի էր ունենում կառավարության հետ հարցուպատասխանը։

Ընդդիմադիր պատգամավորները սակայն, այն բոյկոտել էին՝ իրենց հարցուպատասխանն անցկացնելով ժողովրդի հետ Ֆրանսիայի հրապարակում։

Նրանք պատասխանել են քաղաքացիներին հուզող հարցերին։

Քաղաքացիներից մեկի հարցին, թե ինչպես պետք է լուծվի Արցախի հարցը՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը պատասխանեց․

«Արցախի հարցի լուծման ուղղությունն ու դրա հետ կապված անելիքները մեր ժողովուրդը վաղուց արդեն ձևակերպել է, և որևէ իշխանություն այլ բան չի կարող անել, քան ժողովրդի կամքն իրականացնելն է, որն առաջին հերթին հենց Արցախի ժողովուրդն է արդեն արձանագրել», – հարցին ի պատասխան՝ նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա ներկայացրեց նաև այն նախապայմանները, առանց որոնց Արցախի հարցի լուծումը հայանպաստ չի լինի։ Առաջինն Արցախի կարգավիճակի հարցն է։ Ցանկացած իշխանության համար կարմիր գիծ է Արցախի որևէ կարգավիճակն Ադրբեջանի կազմում։ Այն պետք է բացառվի։

«Արցախի հայաթափումը բացառող մյուս կարևոր պայմանը անկլավային վիճակի բացառումն է։ Ակնհայտ է, որ եթե մայր Հայաստանի հետ ցամաքային կապ չլինի, Արցախում հայապահպանության հետ կապված խնդիր ենք ունենալու։

Երրորդ հարցը անվտանգության համակարգի ամրապնդումն է՝ երեք հիմնական բաղադրիչներով։ Առաջինն Արցախի ուժերով անվտանգության ապահովումն է, Հայաստանի՝ որպես Արցախի անկախության ու անվտանգության երաշխավորի հանձնառությունից բխած անմիջական մասնակցությունն անվտանգության համակարգի ձևավորման հարցում և, այսօրվա իրավիճակից թելադրված, ռուս խաղաղապահ ուժերի անժամկետ ներկայությունը։ Նրանք պետք է մնան այնտեղ այնքան ժամանակ, քանի չի երաշխավորվել Արցախի իրական անվտանգ գոյությունը», – ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Այս ամենը, նրա խոսքով, հնարավոր է պաշտպանել բանակցային գործընթացում, ինչը նախկին իշխանությունները մինչև հիմա հաջողությամբ արել են։

«Իսկ այս իշխանությունների հայտարարությունները, որ այդ մոտեցումներն այսօր պաշտպանելի չեն, սպասարկում են Ադրբեջանի և Թուրքիայի ծրագրերն ու շահերը», – ընդգծեց Արմեն Ռուստամյանը։

Հանրային ճնշումն է այն միակ միջոցը, որով մենք պետք է հասնենք հաջողության, Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով քաղաքացիներից մեկի հարցին, թե որքան են շարունակվելու բողոքի գործողություններն ու ինչ գործնական քայլեր պետք է իրականացվեն՝ պայքարը վերջնակետին հասցնելու համար։

Սեյրան Օհանյանը նշեց՝ պայքարի մեկնարկից ի վեր հանրային ճնշումն ուժեղացել է, ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են միացել «Դիմադրության» շարժմանը․ այդպես էլ շարունակելու են, մինչև հասնեն նպատակին։

«Մենք այդ առումով հասել ենք մի բնագծի, որտեղ մեր հիմնական ուժը հավաքագրել ենք, և պետք է վճռականություն ցուցաբերել, որ մեր շուրջ ավելի մեծ համախմբում լինի, մեր դիմադրության թափանիվն ավելի մեծ ուժով առաջ գնա», – ասաց նա։