Արամ Մանուկեան. Կենդանի քաղաքական ուղեցոյցն ու պետականութեան չափանիշը

Խմբագրական Ալիք
Յունուարի 29-ը հայոց նորագոյն պետականութեան գաղափարական եւ քաղաքական հիմնասիւներից մէկի՝ Արամ Մանուկեանի յիշատակի օրն է, ինչը պարտադրում է ոչ լոկ ձեւական յիշատակում կամ ծիսական յարգանքի դրսեւորում։
Արամի անունը յաճախ շրջապատվում է պաշտամունքային լռութեամբ, որը որքան էլ արտաքուստ յարգալից, բայց իրականում վտանգաւոր է. այն նրան վերածում է անցեալի սրբապատկերի, ոչ թէ ներկայի համար գործող քաղաքական երեւոյթի։ Մինչդեռ Արամ Մանուկեանը արժէք է այնքանով, որքանով նա մնում է քաղաքական մտածողութեան կենդանի ուղեցոյց, այլ ոչ թէ պարզապէս պատմական կերպար։ Նրա կեանքն ու գործունէութիւնը չեն կարող տարանջատւել գաղափարից ու գործից, անհատականից ու հաւաքականից, պատմական պատասխանատւութիւնից ու առաքելութիւնից, ներկայից ու ապագայից։ Նա մարմնաւորում է ազգային պայքարի ամբողջական դարբնոց, պետական մտածողութեան չափանիշ եւ քաղաքական վարքագծի բարձրագոյն ցուցիչ։
Արամ Մանուկեանի գաղափարական ձեւավորումը անքակտելիօրէն կապւած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան աշխարհայեացքի հետ։ Դաշնակցական լինելը նրա համար երբեք չի եղել կուսակցական նեղ պատկանելութիւն, այլ ազգային գոյապայքարի համապարփակ ընկալում, քաղաքական պատասխանատւութեան եւ ազգային ինքնիշխանութեան ըմբռնում։ Դաշնակցութեան գաղափարախօսութիւնը նրան զինել է սթափութեամբ արտաքին աշխարհի հանդէպ եւ անզիջում հաւատով սեփական ուժերի նկատմամբ։ Նրա յայտնի խօսքը՝ «Ամէն ոք իր մասին է մտածում… Մենակ ենք եւ պէտք է ապաւինենք միա՛յն մեր ուժերին…», պարզապէս ժամանակի մարտահրաւէրների արձանագրում չէ, այլ դաշնակցական քաղաքական մտածողութեան խտացւած բանաձեւ։ Այդ խօսքի մէջ մերժւում է օտարի բարեհաճութեանը ապաւինելու պատրանքը եւ հաստատվում է միակ կենսունակ ճանապարհը՝ ինքնակազմակերպւած ազգային պայքարը։
Այս գաղափարական հէնքով է Արամ Մանուկեանը տարիներ շարունակ գործել Արեւմտեան Հայաստանում՝ Վան-Վասպուրականում: 1915 թւականին, Հայոց Ցեղասպանութեան ամենասեւ օրերին, Վանի ինքնապաշտպանութիւնը պատմական բացառիկ երեւոյթ է ոչ միայն ռազմական, այլ քաղաքական իմաստով։ Այն ապացուցեց, որ նոյնիսկ կազմակերպւած բնաջնջման պայմաններում հնարաւոր է դիմակայել, եթէ ժողովուրդն ունի կազմակերպող միտք, քաղաքական ղեկավարում եւ ազգային պատասխանատւութեան գիտակցում։ Վանում ստեղծւած ինքնապաշտպանական եւ վարչական համակարգը ինքնաբուխ երեւոյթ չէր։ Այն երկար տարիների գաղափարական աշխատանքի, դաշնակցական կազմակերպչական փորձի եւ Արամ Մանուկեանի քաղաքական կամքի արդիւնք էր։ Նա յստակ գիտակցում էր, որ հայութեան փրկութիւնը հնարաւոր է միայն այն դէպքում, երբ ժողովուրդը դադարում է լինել ողբերգութեան լուռ զոհը եւ վերածւում է պայքարի կազմակերպւած ուժի։
Վանի ինքնապաշտպանութեան օրերին Արամ Մանուկեանը ոչ միայն ղեկավարեց զինւած դիմադրութիւնը, այլ կեանքի կոչեց պետականութեան նախատիպ։ Կարգ ու կանոն, վարչական պատասխանատւութիւն, ներքին անվտանգութիւն՝ այս ամէնը գործեց այն պայմաններում, երբ համաշխարհային ուժերը լուռ յետեւում էին հայ ժողովրդի կոտորածին։ Վան-Վասպուրականի հազարաւոր հայերի փրկութիւնը արտաքին միջամտութեան արդիւնք չէր։ Այն սեփական ուժերին ապաւինած քաղաքական որոշման հետեւանք էր։ Այս փորձը դարձաւ Արամ Մանուկեանի հետագայ պետական մտածողութեան եւ գործունէութեան հիմնաքարը։
1917-1918 թւականներին նոյնպիսի գոյաբանական վտանգի առջեւ կանգնեց Արեւելեան Հայաստանը։ Ռուսական բանակի հեռացումը, վարչական համակարգի քայքայումը, փախստականների հոսքը, համաճարակը, սովը եւ թուրքական ներխուժման սպառնալիքը ստեղծել էին լիակատար քաոս եւ պետական կառավարման ճգնաժամ։ Այդ պայմաններում աշխուժացան արտաքին օգնութեան, միջազգային երաշխիքների եւ դիւանագիտական սպասումների մասին խօսակցութիւնները։ Արամ Մանուկեանը մերժեց այդ սին պատրանքները։ Նրա համար գոյապայքարը եւ պետականութեան ստեղծումը այլեւս հնարաւոր էր միայն կամքի, կազմակերպւածութեան եւ ինքնիշխան որոշման միջոցով։ Եթէ ժողովուրդը ինքն իրեն չի պարտադրում պետութիւն ունենալու կամք, որեւէ արտաքին ուժ դա չի անի նրա փոխարէն. հաւատացած էր Արամը:
1918 թւականի մայիսյան օրերին այդ համոզմունքը վերածւեց վճռական գործի։ Արամ Մանուկեանը դարձաւ համազգային դիմադրութեան կազմակերպիչ առանցքը եւ ոգին։ Նրա կամքի շուրջ համախմբւեցին զինւորականները, կամաւորական ուժերը, հոգեւորականները եւ քաղաքացիական բնակչութիւնը։ Սարդարապատի, Բաշ Ապարանի եւ Ղարաքիլիսայի հերոսամարտերը ծնւեցին ոչ միայն ռազմի դաշտում ցուցաբերած քաջութիւնից եւ սխրանքներից, այլ նաեւ քաղաքական կամքից։ Այդ կամքը մարմնաւորւում էր Արամ Մանուկեանի կերպարում։ Նա յստակ գիտակցում էր, որ այդ պահին պարտութիւնը հաւասարազօր է ազգի վերջնական կործանմանը, իսկ դիմադրութիւնը՝ պետականութեան ծնունդին։
1918 թւականի Մայիսի 28-ին Հայաստանի Հանրապետութեան ծնունդը հնարաւոր չէր առանց այդ քաղաքական կամքի։ Անկախ պետականութեան ձեւաւորումից յետոյ, ներքին գործերի նախարարի պաշտօնում Արամ Մանուկեանը փաստացի դարձաւ պետական կառավարման առանցքային դէմքը։ Նրա համար պետութիւնը սոսկ ձեւական գոյութիւն չէր, այլ ամենօրեայ պայքար եւ մաքառում, խիստ կարգ ու պատասխանատւութիւն պահանջող գոյաձեւ։ Նա անզիջում պայքարում էր անիշխանութեան, ինքնահոս գործունէութեան եւ քայքայիչ «ազատութիւնների» դէմ՝ համոզւած լինելով, որ պետականութիւնը չի կարող կառուցւել քաոսի վրայ։ Պետական կարգը նրա համար ազգային անվտանգութեան հիմնական բաղադրիչն էր։
Նիկոլ Աղբալեանի մահախօսական խօսքերը՝ «Իւրաքանչիւրը պէտք է դիմի սեփական խղճին ու հարցնի՝ ծառայե՞լ է արդեօք հայ ժողովրդին այնպէս, ինչպէս ծառայել է Արամ Մանուկեանը…», եւ զօրավար Մովսէս Սիլիկեանի գնահատականը, որ «առանց Արամի ոչինչ չի անի», վկայում են այդ բարոյական չափանիշի ուժի մասին։ Այս խօսքերն ընդգծում են, որ իրական իշխանութիւնը ծնւում է գաղափարից, վստահութիւնից եւ ազգային նւիրւածութիւնից, ոչ թէ կոչումից կամ պաշտօնից։ Արամ Մանուկեանը քաղաքականութիւնը վերածել էր անմնացորդ նւիրումի եւ անխոնջ ծառայութեան, ոչ թէ ինքնանպատակ իշխանութեան։
Արամի ամբողջական կերպարն այսօր անխուսափելիօրէն հակադրւում է Հայաստանի քաղաքական իրականութեանը։ Այսօր, գործող իշխանութիւնների կողմից պետականութիւնը յաճախ ընկալւում է որպէս ծանր բեռ, ինքնիշխանութիւնը՝ որպէս խոչընդոտ, իսկ պարտութիւնը՝ որպէս իրատեսական հանգրւան։ Այնտեղ, որտեղ Արամ Մանուկեանը տեսնում էր գոյութեան խնդիր եւ պահանջում համազգային համախմբում, ներկայ իշխանութիւնը խօսում է «խաղաղութեան» մասին՝ ուժի գիտակցումից զուրկ բառապաշարով։ Բայց այն խաղաղութիւնը, որը չի շաղկապւում ժողովրդի կամքի ու պետական պատասխանատւութեան հետ, Արամ Մանուկեանի դիտակետից ոչ թէ «իրատեսական» քաղաքականութիւն է, այլ քայքայիչ մօտեցում, դաւաճանութիւն:
Արամ Մանուկեանը երբեք չէր ընդունի պարտութիւնը որպէս անբեկանելի դատավճիռ, նահանջը՝ որպէս հասուն քաղաքականութիւն, իսկ զիջումը՝ որպէս փրկութեան ուղի։ Նրա աշխարհայեացքում պետութիւնը գոյութիւն ունի այնքան ժամանակ, որքան ժամանակ զինւած է ինքնապաշտպանւելու կամքով։ Այն պահից, երբ իշխանութիւնը հրաժարւում է այդ կամքից, պետութեան ճակատագրի տնօրինումը փոխանցում է արտաքին ուժերին եւ ապաւինում է միջազգային խոստումներին, նա դադարում է լինել ազգային իշխանութիւն եւ վերածւում է վարչական գործիքի։
Յունուարի 29-ը պարզապէս յիշատակի օր չէ։ Այն չափման օր է՝ մեր ազգային խղճի, մեր քաղաքական կամքի եւ մեր պետական պատասխանատւութեան համար։ Արամ Մանուկեանին յիշելն առանց այս գաղափարական համեմատութեան նշանակում է դաւաճանել նրա քաղաքական էութեանը։ Նրա կերպարն ու գործը պարտադրում են հարց տալ ինքներս մեզ. ունե՞նք արդեօք այսօր այն քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է ազգային ճգնաժամը յաղթահարելու համար։ Եթէ ոչ, ապա Արամի կերպարը վերածւում է խիստ դատավճռի՝ մեր քաղաքական անգործութեան համար։
Արամ Մանուկեանը մեր անցեալը չէ։ Նա մեր չիրացուած ներկան է եւ մեր անխուսափելի ապագան: