Պատմության լուսարձակ

Շուշիի ազատագրումը. «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը

07 de mayo de 2020

20-րդ դարավերջի արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ իրականում Հայոց hայրենական պատերազմի պատմության մեջ հայ ռազմարվեստի ամենափայլուն և ամենախոշոր նվաճումն էր Շուշի բերդաքաղաքի ազատագրումը։ Պատմաշրջանի ռազմաքաղաքական իրադարձությունների հոլովույթում երևի թե ի վերուստ կանխորոշված զուգադիպություն էր, որ իրագործվելով 1992 թ. մայիսի 8-9-ին` Շուշիի ազատագրումը` որպես անգնահատելի և աներկբա արժեք, փաստորեն, ժամանակագրորեն ևս մեկ նշանակալի հաղթանակով համալրեց հայոց պատմական արժեհամակարգի համար խորհրդանշական մայիս ամիսը։ Համազգային համախմբվածությամբ ու հերոսականությամբ իրականացված այդ ռազմագործողությունը, արժե անվերապահորեն գնահատել ոչ այլ կերպ և դասակարգել ոչ այլ տեղ, քան նույն օրացուցային ամսում տեղի ունեցած՝ 451 թ. Վարդանանց Ավարայրի, շուրջ մեկուկես հազարամյակ անց՝ 1918 թ. վերակերտված Հայաստանի առաջին հանրապետության երկունքի օրերին Սարդարապատի, Բաշ-Ապարանի, Ղարաքիլիսայի ճակատամարտերում, նաև հայ ժողովրդի համար մեծագույն զոհողություններով արժևորված Երկրորդ աշխարհամարտում 1945 թ. նվաճված պատմական հաղթանակների շարքում։

Արցախի վաղեմի մշակութային ու քաղաքական կենտրոնի՝ Շուշիի ազատագրումը` որպես ռազմավարական նշանակության խնդիր, անշրջելի հրամայական էր հայրենի բնօրրանում հարատևելու համար ազգային-ազատագրական շարժման ու պայքարի ելած արցախահայության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում։ Արցախի ինքնապաշտպանության ուժերը նախքան այդ մի շարք հաղթանակներ էին արձանագրել ադրբեջանական գերակշիռ ու սպառազեն զորքերի դեմ՝ Քարին տակում, Ստեփանակերտի Կրկժան թաղամասում, Ղայբալույում, Ջանհասանում, Քոսալարում, Մալիբեյլվում, Խոջալուում և այլ բնակավայրերում։

Ինչ խոսք, ռազմական առումով որքան էլ էական էին այդ հաջողությունները, այնուամենայնիվ, դրանք հիմնականում մարտավարական խնդիրների էին հետամուտ։ Միևնույն ժամանակ, չնվազեցնելով տեղային բնույթի այդ հաջողությունների կարևորությունը, ընդհանրական առումով դրանք կարելի է գնահատել նախ որպես ԼՂ ինքնապաշտպանության ուժերի համար անհրաժեշտ մարտական փորձառություն և ապա՝ որոշակի նախապատրաստական շրջափուլ հետագա խոշոր ռազմագործողությունների համար, ինչպիսիք են Շուշիի, Քաշաթաղի (Լաչինի), Ակնայի (Աղդամի), Քարվաճառի (Քելբաջարի)` պատմականորեն Արցախին պատկանած, բայց անցյալ դարի 20-ական թվականներին նրանից կամայականորեն տարանջատված և Ադրբեջանի առանձին վարչական միավորների վերածված հարակից այլ շրջանների ազատագրման համար մղված ճակատամարտերը։ Ընդ որում՝ շրջանների, որոնցում տեղակայված էին ադրբեջանական զինուժի հենակետերը, և որոնցից շարունակաբար հրետակոծվում, ավերածությունների էին ենթարկվում հայկական բնակավայրերը։ Հատկանշական է, որ ադրբեջանական զինուժի վերահսկողության ներքո գտնվող Շուշին վերածվել էր Ստեփանակերտը հրետակոծող թիվ մեկ կրակակետի։ Այդտեղից Արցախյան պատերազմի սկզբից ի վեր հրթիռակոծությունների էին ենթարկվում թե՛ Ստեփանակերտ քաղաքը և թե՛ հարակից բնակավայրերը: Կաթվածահար վիճակում էր գտնվում հաղորդակցությունը: Ինչպես վկայում են վիճակագրական տվյալները, միայն 1991 թ. նոյեմբերից մինչ 1992 թ. մայիսի սկիզբը Շուշիի, Ջանհասանի, Քյոսալարի, Ղայբալուի ադրբեջանական հենակետերից Ստեփանակերտի վրա արձակվել է շուրջ 4740 արկ, որից մոտ 3 հազարը՝ հեռահար հրթիռային «Գրադ» կայանքներից։ Այդ արկակոծությունների հետևանքով զոհվել են 111 և վիրավորվել 332 խաղաղ բնակիչներ, ավերվել 370 բնակելի տներ և շինություններ։ Ստեփանակերտը, փաստորեն, գրեթե 70 տոկոսով ոչնչացված էր։ «Ստեփանակերտն արդեն չկար,- հետագայում նշել է ԼՂ ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Արկադի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը, որի գլխավորությամբ էլ հենց մշակվել և իրագործվել է Շուշիի ազատագրման օպերատիվ պլանը։- «Գրադը» ռմբակոծում էր յուրաքանչյուր քառակուսի մետրը: Քաղաքը մեռնում էր…»:

Հայտնի է, որ Շուշիի ազատագրման ռազմագործողության մշակմանն Արցախի ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը ձեռնամուխ էր եղել դեռևս Խոջալուի ազատագրումից անմիջապես հետո՝ մարտ-ապրիլ ամիսներին՝ հակառակորդի ուժերի տեղակայումը, դիրքերն ու քանակական տվյալները ճշգրտելուց հետո:

Գործողությունն ստացավ «Հարսանիք լեռներում» անվանումը, որի մտահղացումը, ասում են, պատկանում էր այն ժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանին։ Պատմում են, որ երբ գործողությունը ղեկավարող հրամանատարները ներկայացրին քաղաքի ազատագրման մարտական նախագիծը, այն չափազանց համարձակ թվաց։ Հենց այն ժամանակ էլ Վազգեն Սարգսյանը հայտարարեց, որ եթե նախագիծը հաջողվի իրականացնել, ապա քաղաքի ազատագրումից հետո ինքն անպայման կամուսնանա։

Զորակայանը տեղակայված էր Շոշ գյուղի հարևանությամբ։ Այդտեղ էին Արկադի Տեր-Թադևոսյանը, Գուրգեն Դալիբալթայանը, Սերժ Սարգսյանը, Ռաֆայել (Ֆելիքս) Գզողյանը և ուրիշներ։ Հրամանատարական կետերում էին կապը, բուժօգնությունը, հրետանային նախապատրաստությունը, ինժեներական ծառայությունը: Հենց այդտեղ էլ Շուշիի ազատագրման պլանն օրհնեց և ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շտաբի անդամներին հաջողություն մաղթեց ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Պարգև եպիսկոպոս(ներկայումս արքեպիսկոպոս) Մարտիրոսյանը։

Նույն այդ վայրից էլ սկսվում էր գրոհի արևելյան ուղղությունը, որ ղեկավարում էր Արցախի ինքնապաշտպանական ուժերի առաջին հրամանատար Արկադի Կարապետյանը: Հյուսիսային` Ստեփանակերտ-Շուշի ուղղության հրամանատարը Վալերի Չիթչյանն էր, հյուսիսարևմտյան ուղղությանը՝ (Ջանհասան-Քյոսալար)` Սեյրան Օհանյանը: Յուրի Հովհաննիսյանը ղեկավարում էր «26-ի» հենակետի (գտնվում էր Ստեփանակերտի մերձակա Կրկժան գյուղի մոտակայքում) պահեստազորի ռազմական գործողությունը: Հարավային կամ Լաչինի ուղղության հրամանատարը Սամվել Բաբայանն էր: Ռազմաճակատի ընդհանուր գիծը կազմում էր մոտ 40 կիլոմետր։

Շուշիի ազատագրման մարտական հրամանը ստորագրվել է մայիսի 4-ին, և նախատեսվում էր քաղաքի վրա գրոհել մայիսի 5-ին։ Սակայն այդ օրն առատ ձյուն էր տեղացել։ Եղանակային պայմանները հրամանատարությանը ստիպեցին գործողությունը մայիսի 8 տեղափոխել։ Անսպասելի տեղացած առատ ձյունն իր հերթին, բայց կային նաև այլ էական խոչընդոտներ գրոհը հետաձգելու համար։ Սամվել Բաբայանի խոսքով՝ դեռևս կային նախապես լուծման կարոտ խնդիրներ, մասնավորապես` զենքի ու զինամթերքի պակաս: «Միայն Շուշիով հարց չէր լուծվում, պետք էր պահել նաև Աղդամի և Մարտակերտի ուղղությունները: Այդ իսկ պատճառով որոշեցինք գործողությունն սկսել միայն այն բանից հետո, երբ կլրացվի զենքի ու զինամթերքի պակասը»: Բացի այդ, ըստ նրա, պետք էր կատարել նաև հետախուզական մի շարք լրացուցիչ ճշտումներ:
«Անհրաժեշտ էր Քիրսի բարձունքներում դիրքավորվել, ու թեև այդ տարի ձյունն առատ էր, և առկա էին առաջխաղացման դժվարություններ, մեզ հաջողվեց դիրքավորվել և օղակի մեջ վերցնել քաղաքը»: Արկադի Տեր-Թադևոսյանի ընդգծմամբ. «Թշնամին ուներ 2500 մարդ, ուժեղ էր պատրաստված: Մենք ունեինք 3500 մարդ: Ինձ, ճիշտն ասած, Հայաստանից ասացին, գրեցին (ունեմ այդ գրությունը), որ մենք պատրաստ չենք, պետք է ունենալ երեք անգամ ավելի. թշնամին 2500 ուներ, մենք պիտի ունենայինք 7500: Ես համաձայնեցի: Դա ճշմարտություն էր, բայց դրա տակ կար մի բան: Ես հասկացա` չէին ուզում գրավել Շուշին, որովհետև Ղարաբաղում ղեկավարում էր Դաշնակցությունը»։

Այն ժամանակ ՀՀ ԳԽ քարտուղար Արա Սահակյանի վկայությամբ. «Խորհրդային կրթություն ստացած հայ զինվորականությունը ներկայացրեց, թե անհրաժեշտ է այսքան զինվոր, արկ, տեխնիկա, այսքան կորուստ ենք ունենալու և այլն: Ըստ այդ թվաբանության` մենք չէինք կարող այդ ժամանակ ունեցած մեր ուժերով խնդիրը լուծել: Հետևաբար խնդիրը դրվեց ոչ թե ակադեմիական զինվորականության, այլ ջոկատների, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի և Վազգեն Սարգսյանի ու նրան ենթարկվող ջոկատների մակարդակում: Ու նրանք խնդիրն իրականացրին չափազանց նվազ կորուստներով»:

Արցախյան կողմը, իրոք, ոչ միայն կենդանի ուժի, այլև զենքի ու զինամթերքի զգալի պակաս էր զգում նման ռիսկային քայլի դիմելու համար։ Վերստին անդրադառնանք Կոմանդոսի վկայությանը. «Փաստորեն, 200 հոգի պահեստայիններ սպասում էին իրենց մահացած ընկերների զենքին, որ մարտի դաշտ գնան»։ Նրա արտահայտությամբ. «Շուշիի գրավումն արցախցիների կենաց-մահու խնդիրն էր: Այսինքն` իմ ենթակաները, իմ հրամանատարները «ստիպեցին» նման որոշում կայացնել: Ես ենթարկվում էի Սերժ Սարգսյանի Պաշտպանության կոմիտեին: Ես նրան հարցրի` գրավո՞ւմ ենք, նա ասաց` գրավում ենք»:

Ինչ վերաբերում է ադրբեջանական զինուժի հարաբերակցությանը, ապա այդ երկրի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևի հավաստմամբ, որ նա հայտարարել է իր դատավարության ընթացքում. «1992 թ. մայիսին Շուշիում և շրջակայքում տեղակայված էին 2500-3000 զինվոր, Տ-72 տեսակի 3 տանկ, Տ-55 տեսակի մեկ տանկ, 12 հրասայլ, 3 «ԲՄ-21» տիպի համազարկային «Գրադ» համակարգ` 6000 արկով, 3 թնդանոթ, 4 միավոր «Ալազան» համակարգ, 30 միավոր «Իգլա» և «Ստրելա-2» զենիթա-հրթիռային համալիր, 20 միավոր 82 մմ-անոց ականանետ, 50 միավոր ձեռքի ականանետ, ավելի քան 5 միլիոն միավոր ռազմամթերք»: Ինչպես հայտնի է, Բաքուն հետագայում շրջանառության մեջ էր դրել վարկած, համաձայն որի` իբր թե հայկական ուժերը Շուշին ոչ թե գրավել, այլ առանց կռիվների ստացել են ադրբեջանական ռազմական հրամանատարության և քաղաքական իշխանության դավաճանության պատճառով: Հենց այս վարկածի շրջանակներում էր ընթանում Ռահիմ Ղազիևի դատավարությունը:

Ի դեպ, հատկանշական է, որ Բաքվում գրեթե համանման վարկած էր շրջանառվում նաև Քարին տակի ճակատամարտում ադրբեջանական զորքերի կրած խայտառակ պարտության կապակցությամբ։ Ինչպես պարզվում է Բաքվի հեռուստատեսության հաղորդումներից մեկում Ադրբեջանի նախկին պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Թաջադդին Մեհթիևի հայտարարությունից, ով մշակել և Շուշիից բարձրադիր դիրքերից 1992 թ. հունվարի 26-27-ին անձամբ գլխավորում էր քաղաքի քերծի ստորոտում գրեթե անպաշտպան ծվարած Քարին տակ գյուղի գրավման ու ոչնչացման գործողությունը, ադրբեջանական զինուժի ձախողման գլխավոր պատճառը ոչ այլ ոք էր, քան շուշեցի որոշ հրամանատարների` ազգությամբ հայ կանայք։ Նրա խոսքով՝ այդ կանայք, իրենց ամուսիններից երեկոյան տեղեկացած լինելով խիստ գաղտնի ծրագրված, ընդամենը երկու-երեք անձի հայտնի հանկարծակի գրոհի ժամկետի և ուղղությունների մասին, հազիվ մի քանի ժամ առաջ՝ գիշերվա մութին, լուրը նախապես հասցրել են իրենց ազգակիցներին, և Քարին տակի նախազգուշացված հայ գրոհայիններին հաջողվել է այդ ժամանակամիջոցում հիմնովին նախապատրաստվել դիմագրավմանը՝ ամրապնդելով գյուղի ելումուտն ու հարձակման հնարավոր թիրախները։ Հիշեցման կարգով նշեմ, որ Քարին տակի ճակատամարտում ադրբեջանական զինուժը բաղկացած էր ավելի քան 200 զինվորից, իսկ հայկական կողմն ուներ ընդամենը 60 աշխարհազորային. բոլորն էլ` հիմնականում Քարին տակի բնակիչներ և մերձակա գյուղերից նրանց օգնության հասած կամավորականներ։ Երկու օր տևած մարտերն ավարտվել են ադրբեջանական սպառազեն զորքի աղետալի պարտությամբ։ Ադրբեջանական կողմն այդ մարտերում տվել է 136 սպանված զինվոր՝ գրեթե մի ամբողջ գումարտակ, իսկ մյուս զինվորները՝ ավելի քան 60 հոգի, խուճապահար փախուստի են դիմել։ Հայկական կողմի կենդանի ուժի կորուստները կազմել են 10 աշխարհազորային զինվորներ և գյուղի 12 խաղաղ բնակիչներ։ Այդ մարտերից հետո Քարին տակը, բնականաբար, մնացել է ԼՂՀ վերահսկողության տակ։

Անշուշտ, զավեշտալի են հնչում ադրբեջանական կողմի նման անհիմն պնդումները։ Բայց ինչ որ է։ Համարենք դա Բաքվի խնդիրը։
Եվ այսպես, մայիսի 7-ի ուշ երեկոյան մեկնարկեց «Հարսանիք լեռներում» ռազմագործողությունը։ Նախքան այդ հակառակորդին շփոթեցնելու և հարվածի հիմնական ուղղությունից նրա ուշադրությունը շեղելու նպատակով մանևրեր էին ձեռնարկվում, հաշվարկներ արվում բոլոր ուղղություններով ու հարձակումներ կատարվում։ Բացի այդ, ինչպես իր հարցազրույցներից մեկում պատմել է Արկադի Տեր-Թադևոսյանը, շրջափակման մեջ առնելով Շուշին, կարևորվում էր քաղաքում մնացածների շրջանում խուճապ առաջացնելու խնդիրը, որպեսզի ադրբեջանցիները հեռանան առանց մարտեր մղելու: Այդ նպատակով նախապես ոչնչացվել էին Շուշիի և Ստեփանակերտի շրջակայքի ադրբեջանական հենակետերը, և բերդաքաղաքը հայտնվել էր լիակատար շրջափակման մեջ. «Մինչև Շուշին եղել են Կրկժանը, Մալիբեյլուն, Խոջալուն: Այսինքն` կար հաջորդականություն, թե որ բնակավայրն ենք ազատագրում»:

Եվ վերջապես, հայկական ջոկատները գիշերվա մթության մեջ սկսեցին շարժվել դեպի Շուշի: Հաշվի առնելով, որ խորհրդային բանակից ժառանգված ավանդույթով թե՛ հայ աշխարհազորայինների և թե՛ ադրբեջանցի զինվորների զինվորական համազգեստները նույն գույնի էին, ուստի հակառակորդի զինուժից անգամ գիշերվա խավարում տարբերակելու համար, ինչպես վկայում են այդ օրերին կատարված նկարահանումները, վիրակապով կամ այլ կերպ սպիտակ գույնի խաչաձև գիծ էր քաշված հայ զինվորների մեջքին՝ որպես պարզ ու հստակ տեսանելի երկրաչափական պատկեր։ Մայիսի լույս 8-ի գիշերը՝ ժամը 2.30-ին, ԼՂ ինքնապաշտպանության ուժերի շուրջ 1200 մարտիկներից կազմված գրոհային 4 խմբեր ձեռնամուխ եղան կենդանի ուժով ու միջոցներով գերազանցող հակառակորդի ջախջախմանը Շուշիի և Ստեփանակերտի շրջակա հենակետերում։ Մարտական գործողությունները ծավալվում էին «26»-ի, Լաչինի և Ջանհասան-Քյոսալարի ուղղություններով։ Մարտը, որ սկսվել էր մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, ավարտվեց գրեթե մեկ օր անց։ Մայիսի 9-ի առավոտյան ժամը 4-ին Արկադի Տեր-Թադևոսյանին զեկուցեցին, որ քաղաքը Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի ձեռքերում է։

Փաստորեն, ռազմական գործողության ելքը կանխորոշվել էր արդեն իսկ մայիսի 8-ին, երբ Լաչինի և մյուս ուղղությունների ստորաբաժանումները նպաստավոր բնագծեր էին գրավել Շուշիի մատույցներում: Մայիսի 8-ի երեկոյան տրված դադարը հակառակորդին հնարավորություն էր ընձեռել հատուկ հատկացված միջանցքով՝ դեպի Լաչին տանող ճանապարհով, հեռանալու բերդաքաղաքից: Հենց այդ օրն էլ, ավելի ստույգ` մայիսի 7-ի լույս 8-ի գիշերը, Շուշիից հեռացել է հակառակորդի ռազմական տեխնիկան։ Նույն օրը` առավոտյան, ադրբեջանական հրամանատարությունը երկու տանկ և երկու զրահամեքենա է ուղարկում Զարիսլուի ուղղությամբ, որոնք, սակայն, ոչնչացվում են, անձնակազմը` սպանվում, ինչը Շուշիից խուճապային փախուստի նոր ալիք է առաջ բերում:

Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմը, ըստ տարբեր աղբյուրների, ունեցել է 57-58 զոհ, թշնամին՝ 250-300 սպանված, 600-700 վիրավոր, 13 գերի: Փաստորեն, ինչպես վկայում են գրոհի մասնակիցները, ադրբեջանցիները քաղաքից հեռացել էին մայիսի 8-ի կեսօրից հետո, իսկ մայիսի 9-ի առավոտյան այնտեղ որևէ ադրբեջանցի չկար: Քաղաքում չի եղել դիմադրություն, չեն եղել մարտեր: Հայկական ուժերը Շուշիում ադրբեջանցի զինվոր չեն տեսել: Շուշիում գերի են ընկել միայն նրանք, ովքեր թաքնվել էին նկուղներում:

Թե ադրբեջանական զինուժի ողջ մնացած մնացորդներն ինչ վիճակում են լքել քաղաքը, ադրբեջանցի լրագրողին 2000 թ. հուլիսին տված հարցազրույցում միանգամայն հստակ նկարագրել է չեչեն դաշտային հրամանատար Շամիլ Բասաևը, ով, ինչպես հայտնի է, 90-ականներին Ղարաբաղ էր եկել սրբազան պատերազմի` ջիհադի: Նրա խոսքով՝ իր մոջահեդները վերջինն են հեռացել Շուշիից: Բասաևի հավաստմամբ՝ Շուշին շրջափակման մեջ ընկավ զուտ այն պատճառով, որ ադրբեջանական բանակում կարգուկանոն և ղեկավարություն չկար: «Այնտեղ մնացել էին 4 մոջահեդ և 11 ադրբեջանցի:

Գրեթե բոլորը լքել էին քաղաքը, բայց 15 հոգով մեկուկես օր պաշտպանում էին, իսկ 2800 հոգանոց կայազորն ամեն ինչ թողեց ու փախավ: Եթե մեկը փախչում էր զրահատեխնիկայով, նա հերոս էր, որովհետև շատերը թողնում էին նաև ծանր տեխնիկան… գնում էին Բաքու: Իմ մոջահեդներից երեքը, ովքեր պաշտպանել են Շուշին, դեռ կենդանի են: Շուշին պարզապես լքվեց: Մոտ 700 հայեր սկսեցին գրոհը, և դա միայն արտաքին փայլն էր, խաբուսիկ բան: Նման ուժեղ կայազորով և այդքան զենքով, հատկապես նկատի ունենալով Շուշիի դիրքը, հարյուր հոգի կարող էին հեշտությամբ մի ամբողջ տարի անառիկ պահել քաղաքը: Որևէ կազմակերպվածություն չկար: Այսօր կարելի է ձերբակալել մի գեներալի կամ նախարարի և ասել` դու դավաճանեցիր, դու հանձնեցիր, դու ծախեցիր: Դրանք սոսկ խոսակցություններ են: Չկար որևէ ղեկավարում, որևէ մեկը որևէ բանի համար պատասխանատու չէր»։

Մայիսի 9-ի կեսօրին մոտ հարձակման են անցել հակառակորդի 1 ռազմական ինքնաթիռ և ուղղաթիռներ, որոնք ռմբակոծել են հայկական ուժերի մարտաշարքերը, ինչպես նաև Շուշին ու Ստեփանակերտը: Ավելի ուշ պարզվել է, որ այդ օդային հարձակման նպատակը Շուշիում թողնված զինապահեստները, առաջին հերթին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարը պայթեցնելն էր, որը, ինչպես պարզվեց, Բաքուն վերածել էր հսկա զինապահեստի՝ վստահ, որ հայկական կողմը երբեք հեռահար կրակ չի բացի եկեղեցու ուղղությամբ։ Ռմբահարելով Շուշին` այսպիսով իսկ ադրբեջանցիները հուսով էին կործանել ամբողջ քաղաքը, ինչը նրանց, բնականաբար, չհաջողվեց: Երեկոյան հիմնականում ավարտվել էր Շուշիի «մաքրման» գործողությունը:

Մշակման և իրականացման առումով գրեթե անթերի, հայ ռազմարվեստի մեջ եզակի այդ ռազմական գործողությունն արմատական բեկում առաջացրեց Արցախյան ազատամարտում: Այն, հիրավի, մի քանի կարևոր նշանակություն ուներ։ Նախ` պատմական անհրաժեշտություն էր՝ կոչված վերականգնելու հայրենի բնաշխարհում հայ ժողովրդի ապրելու անկապտելի իրավունքը։ Դրանով նաև ամրապնդվեց հայոց հաղթական ոգին, և Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը դարձավ իրական:

Ապա՝ Շուշիի ազատագրմամբ էլ ավելի կարևորվեց ազգային-ազատագրական պայքարում իրենց պատմական դերը փառքով կատարած տարանջատ կամավորական ջոկատների հիման վրա ժամանակակից կանոնավոր բանակի ստեղծման անհրաժեշտությունը։ Խնդրի իրատեսական գիտակցմամբ հենց 1992թ. մայիսից էլ թափ առավ Արցախում՝ հայկական երկրորդ հանրապետությունում ևս մեկ միասնական հրամանատարության ներքո աշխարհազորային ուժերի միավորման տևական գործընթացը՝ հիմք դնելով Պաշտպանության բանակի կազմավորմանը, ինչի շնորհիվ այն ներկայումս տարածաշրջանի կայացած և առավել մարտունակ զինված ուժերից մեկն է։

Շուշիի ազատագրումը նաև տնտեսական նշանակություն ուներ: Ցամաքային և օդային հաղորդակցության ուղիների շրջափակման, էլեկտրաէներգիայի, գազի ու խմելու ջրի պակասի և Շուշիից անընդհատ արկակոծությունների պատճառով Ստեփանակերտում ու հարակից բնակավայրերում, ինչպես նաև ողջ հանրապետությունում տնտեսությունը կաթվածահար էր եղել: Իսկ Շուշիի ազատագրմամբ մեծապես պայմանավորված ու նրան հաջորդած Լաչինի ազատագրումը հնարավորություն տվեցին ուղիղ ցամաքային կապ հաստատելու Մայր հայրենիքի՝ Հայաստանի հետ, որն իրավամբ կոչվեց «Կյանքի ճանապարհ»։

Շուշիի ազատագրումն առավել քան կարևորվում է այն անգնահատելի համազգային համախմբմամբ, որ աշխարհասփյուռ հայ ժողովուրդն իր պետական, քաղաքական, եկեղեցական, բարեգործական և ազգաշեն այլ կառույցներով հանդերձ դրսևորեց անցած դարավերջին՝ աներկբա զինվորագրվելով Արցախյան շարժմանն ու արցախահայության ազգային-ազատագրական պայքարին, Արցախում ծավալված և ազգապահպան հաղթանակներ նվաճած Հայոց հայրենական պատերազմին։

Հայության հավաքական ներուժի ընդհանուր ներդրման մասին խոսելով հանդերձ, այնուամենայնիվ, որպես քաղաքական-կուսակցական ուժի, արժե առանձնացնել Հայ Յեղափոխական Դաշնակցության ներդրումը: Ազգային ազատագրական պայքարի առաջին շրջանից հայտնվելով Արցախում Դաշնակցությունը մեծ դերակատարություն ունեցավ պայքարի կազմակերպման եւ այդ պայքարի ու նրա հաղթանակի հարցում ժողովրդի ոգին ու հավատը ամրապնդելու գործում: Այդ դերակատարությունը արժանավորապես դրսեւորվեց մասնավորապես եւ Շուշիի ազատագրման գործում, որի առավել աչքի ընկնող հերոսներից մեկն էր ՀՅԴ անդամ, լեգենդար Աշոտ Ղուլյանը՝ բեկոր Աշոտը:

Մայիսը իրավամբ դարձավ հայոց եռատոնի՝ Երկրորդ աշխարհամարտում հաղթանակի, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի կազմավորման, 1918 թվականի մայիսի 28-ին հայոց պետականության վերականգնման եռամիասնական տոնի ամիս` իհարկե այս շարքում նույնչափ կարևորելով 451 թվականի մայիսի 26-ին տեղի ունեցած և մեր ազգային հիշողության վրա իր ազդեցությունը դրոշմած Ավարայրի հերոսական ճակատամարտը:

Փառք ու պատիվ հայոց ազատարար զորականներին, հավերժ հիշատակ կենաց ու մահու կռիվներում հանուն հող հայրենիի ազատության կյանքը նվիրաբերած հերոս նահատակներին։

Միքայել Հաջյան
Քաղաքական մեկնաբան, Արցախի վաստակավոր լրագրող

Արցախ 2020 մայիս