Ո՞վ է դաշնակցական երիտասարդը

Հ.Յ.Դաշնակցութեան համահայկական երիտասարդական 12-րդ բանակումը իրականացւում է Հայաստանի, հայութեան եւ Դաշնակցութեան համար իրօք բացառիկ պայմաններում։
Ցաւով ենք արձանագրում այս հաստատումը, որովհետեւ կարող էր բոլորովին այլ ընթացք ունենալ մեր երկրի ու մեր ազգի ճակատագիրը։ Կարող էր դրական լինել, լուսաւոր լինել, վառ գոյներով լինել, բայց այդպէս չէ։
Այդպէս չէ, որովհետեւ 2018 թուականին Հայաստանում իշխանութեան բերուեցին գլոբալիստական ապազգային ուժեր, որոնց համար հայրենիքի ու ազգի գաղափարները խորթ են։ Նրանք հայեցի եւ ազգային դաստիարակութիւն չեն ստացել։ Նրանց համար հայրենիքը ընդամէնը բնակութեան տարածք է, իսկ ազգը ընդհանրապէս անհասկանալի եւ ժամանակավրէպ երեւոյթ։ Կարեւորը քաղաքացին է, որը կարող է այս կամ այլ երկրի քաղաքացի լինել, թէկուզեւ թշնամի երկրի, որը ամէն պահի նախապատրաստւում է քեզ ոչնչացել։ Այդ քաղաքացին է կարեւորը եւ ոչ թէ ազգը, իր ընդհանրութեան մէջ, հազարամեակներով անցած իր ուղով, իր ինքնութեամբ, մշակոյթով, լեզուով, գիտակցութեամբ ու այն բնապատմական միջավայրով, որտեղ կերտել է իր պատմութիւնը եւ որը կոչւում է հայրենիք։
Այսօր, Հայաստանի Հանրապատութեան բանտերում են մեր դաշնակցական ընկերներից մի քանիսը։ Նրանց շարքում Հ.Յ.Դաշնակցութեան Հայաստանի Երիտասարդական միութեան անդամներից երկուսը։ Նրանք, ովքեր հիմա այս բանակումում ներկայ պիտի լինէին, Հայաստանի, այսինքն, մեր հայրենիքի բանտերում են։
Հ.Յ. Դաշնակցութեան Բիւրոյի անդամ ընկեր Դաւիթ Իշխանեանը Ադրբեջանի, այսինքն Հայաստանի ու հայութեան թշնամի երկրի, բանտում է։
Ի՞նչ կապ կայ այս երկուսի միջեւ, ինչո՞ւ են դաշնակցականները Հայաստանի եւ Ադրբեջանի բանտերում։ Ինչո՞ւ են դաշնակցականները հալածանքի ենթարկւում Թուրքիայի, Ադրբեջանի եւ նաեւ Հայաստանի իշխանութեան կողմից։ Այս հարցերի պատասխաններն ուղիղ կապ ունեն այսօրուայ մեր դասախօութեան թեմայի հետ։
Դասախօսութեան թեման է՝ «Ո՞վ է դաշնակցական երիտասարդը»։ Պատասխանենք՝ դաշնակցական երիտասարդն այն երիտասարդն է, ով պաշտպանում է իր ազգի ու հայրենիքի շահերը։ Պաշտպանում է հայոց պետականութիւնը եւ ամէն ջանք գործադրում է, որպէսզի հայոց պետականութիւնը հզօրանայ։ Պայքարում է անարդարութեան դէմ եւ արդարութեան հաստատման ուղղութեամբ։ Այդ անարդարութիւնը կարող է լինել անհատի մակարդակի վրայ, կարող է լինել ազգային կամ միջազգային մակարդակի վրայ։ Դաշնակցական երիտասարդը պայքարում է յանուն արդարութեան հաստատման։
Եւ որովհետեւ չի պաշտպանում, հայութիւնը կորցրեց իր հայրենիքի մի մասը՝ Արցախը, որտեղ հազարամեակներ շարունակ ապրել են հայերը եւ կերտել են իրենց պատմութիւնը, մշակոյթն ու ինքնութիւնը։
Եւ որովհետեւ չի պաշտպանում, Հայաստանն ու հայութիւնը կորցրեցին Տաւուշից հատուածներ, Վայոց Ձորից հատուածներ, Սիւնիքից հատուածներ։
Այս շարքը կարելի է շարունակել։
Ուրեմն՝ ո՞վ է դաշնակցական երիտասարդը։ Դաշնակցական երիտասարդը արդարութեան համար պայքարող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը ազգի շահերն ու իրաւունքները պաշտպանող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը ազգի ոտնահարուած իրաւունքների ձեռքբերման ուղղութեամբ պայքարող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը հայոց պետականութեան հզօրացման համար ամէն ջանք գործադրող երիտասարդն է։ Դաշնակցական երիտասարդը այն երիտասարդն է, ով ձգտում է Հայաստանը դարձնել աշխարհի ամենազարգացած ու ամենաանվտանգ երկրներից մէկը։
Դաշնակցական երիտասարդը ո՛չ միայն Դաշնակցութեան ֆիզիքական շարունակականութեան երաշախաւորն է, այլև գաղափարական։ Հետեւաբար դաշնակցական երիտասարդը գաղափարական երիտասարդ է, քաղաքական երիտասարդ է, համոզումներ ունի, իւրատեսակ աշխարհայեացք ունի, արժէքային յատուկ համակարգի տէր է, հաւատում է ժողովրդավարութեանը, հաւատում է ընկերվարութեանը, հաւատում է մարդու իրաւունքներին, եւ չի վարանում յեղափոխական պայքարից, երբ դրա անհրաժեշտութիւնը լինի։
Այս ամբողջը, այսինքն արդարութեան հաստատումը, Հայաստանի ու հայութեան իրաւունքների պաշտպանութիւնն ու ոտնահարուած իրաւունքների ձեռքբերումը, Հայաստանը գերզարգացած ու անվտանգ երկիր դարձնելը՝ կը մնան ցանկութիւնների ծիրում, եթէ չլինի յստակ նպատակ, այդ նպատակին հասնելու յստակ ու մանրամասն ծրագիր, կազմակերպուած աշխատանք, հետեւողականութիւն, կարգապահութիւն, զարգացուածութիւն, խիզախութիւն, քննդատական միտք, նուիրուածութիւն եւ յեղափոխական ոգի։
Սրանք ի՞նչ են նշանակում։ Արդեօ՞ք սոսկ բառեր են, որ հէնց այնպէս գործ ենք ածում, թէ՞ իմաստ ունեն եւ յատուկ նպատակով ենք գօրծածում։
Դուք, որպէս դաշնակցական երիտասարդներ, պէտք է մտածէք, թէ ինչպէս էք տեսնում Հայաստանն ու Սփիւռքը սրանից 5 տարի յետոյ, 25 տարի յետոյ եւ 100 տարի յետոյ։ Այսինքն ինչպէս էք պատկերացնում Հայաստանը եւ Սփիւռքը 2030 թուականին, 2050 թուականին եւ 2125 թուականին։
Թերեւս այս իմ ասածը երեւակայական թուայ։ Կարող է հարց տաք՝ ինչո՞ ւ եւ ինչպէ՞ս մտածենք այն մասին, թէ սրանից մի քանի տասնամեակ կամ մէկ դար յետոյ ի՞նչ է լինելու, երբ դէպքերի այս ընթացքով, աշխարհաքաղաքական այս արագ զարգացումների պայմաններում, պարզ չէ, թէ վաղը ինչ է լինելու։
Բերեմ մէկ օրինակ։
19-րդ դարի երկրորդ կէսին առաջացաւ պանթիւրքիզմը։ Պանթիւրքիզմը քաղաքական եւ ազգայնամոլական շարժում է, որի նպատակը Բալկաններից մինչեւ Չինաստան ու Սիբիր թիւրքալեզու ցեղերի համախմբումն է մէկ ու միասնական անկախ պետութեան մէջ։ Այդ գաղափարախօսութիւնը սկսզբում շատ աղօտ, բայց աստիճանաբար յղկուեց, բիւրեղացաւ եւ դարձաւ Թուրքիայի, այն ժամանակ Օսմանեան կայսրութեան, յետոյ Թուրքիայի Հանրապետութեան, պետական պաշտօնական, բացայայտ կամ գաղտնի, գաղափարախօսութիւնը։ Սկզբից մինչեւ հիմա այդ ծրագրի իրականացմանը խոչընդոտում է Հայաստանը։ 150 տարի շարունակ թիւրքերը հետապնդել են պանթիւրքական գաղափարներ։ Մշակել են ծրագիր եւ գործադրել են ըստ պայմանների։ Երբ առիթը յարմար է եղել՝ գործադրել են Հայոց Ցեղասպանութիւնը։ Յետոյ ժխտել են ցեղասպանութեան իրողութիւնը։ Շրջափակման մէջ են պահել Հայաստանը։ Գրաւել են Արցախը եւ դատարկել են հայութիւնից։ Այսօր խօսում են Սիւնիքի մասին։
Բերեմ երկրորդ օրինակը։
Այս երկու օրինակները ցոյց են տալիս, թէ ինչպէս կարելի է ունենալ գաղափար, մշակել ծրագիր եւ հետեւողականօրէն աշխատել այդ ծրագիրն իրականացնելու համար։
Չկայ հայոց ազգային այն գաղափարախօսութիւնը, որը, անկախ բոլոր պայմաններից, հայերը հետեւողականօրէն ձգտում են իրականացնել։
Ահա այդտեղ պէտք է փնտրել Հ.Յ.Դաշնակցութեան եւ Հ.Հ. այսօրուայ իշխանութեան գաղափարաքաղաքական տարակարծութեան հիմքերը։
Ինչպիսի՞ն ենք ուզում լինի Հայաստանը սրանից հարիւր տարի յետոյ։ Ինչպէ՞ս ենք տեսնում Սփիւռքի գաղթօջախները սրանից յիսուն կամ հարիւր տարի յետոյ։ Դրան հասնելու համար ի՞նչ պիտի անել։ Ո՞րն է հայ մարդու, այս պարագային դաշնակցական երիտասարդի դերը այդ ամբողջի մէջ։
Պիտի գիտենայ Դաշնակցութեան Ծրագիրը։ Պիտի տեղեակ լինի Դաշնակցութեան աշխարհայեացքին։ Դաշնակցութիւնը ինչպէ՞ս է տեսնում հարցերը։ Այս կամ այն հարցի կապակցութեամբ ինչու՞ է այսպէս մտածում։ Ինչու՞ է այս նպատակը ճշտել։ Ո՞րն է հիմքը։ Մեր օրերին ի՞նչ է տեղի ունենում աշխարհում, մեր տարածաշրջանում, մեր երկրում։ Ինչու՞։ Որո՞նք են պատճառները։ Այս ամբողջը անհրաժեշտ է, որպէսզի խորքային ճանաչողութիւն եւ մօտեցում ունենանք հարցերի կապակցութեամբ։
Երկրորդ՝ նպատակասլացութիւն։ Իւրաքանչիւր մարդ, թէ՛ անձնական, թէ՛ հաւաքական կեանքում, պիտի ունենայ նպատակ։ Ինչի՞ն է ուզում հասնել։ Դա պիտի յստակ լինի։ Եթէ դա չկայ, ուրեմն կընկնի կեանքի ալիքների գիրկը։ Մի օր այս կողմից, մէկ ուրիշ օր այն կողմից, կը քշուի հոսանքի կողմից՝ առանց լուրջ բանի հասնելու։ Հետեւաբար պիտի ճշտել յստակ նպատակ եւ քայլ առ քայլ ձգտել հասնելու այդ նպատակին։
Չորրորդ՝ կազմակերպուածութիւն։ Բազմաթիւ հայ հայրենասէր ու ազգասէր մարդիկ կան։ Միայն դաշնակցականները չեն։ Բայց դաշնակցականների տարբերութիւնը միւսներից այն է, որ կազմակերպուած են։ Եւ սա է վախ պատճառում թշնամուն։ Դաշնակցութիւնը կազմակերպութիւն է։ Կազմակերպուածութիւնը խիստ կարեւոր է ե՛ւ անձնական կեանքում, ե՛ւ հաւաքական կեանքում։
Հինգերորդ՝ կարգապահութիւն եւ հետեւողականութիւն։ Ցանկացած գործի յաջողութեան հիմքը կարգապահութիւնն է։ Նպատակին հասնելը պիտի լինի ամէնօրեայ խնդիր։ Ամէն օր պիտի աշխատել այդ ուղղութեամբ եւ ընդ որում՝ անվհատ։ Որովհետեւ կեանքում հազար ու մի անկանխատեսելի բաներ կարող են պատահել, որոնք կարող են մարդուն շեղել նպատակին հասնելու ճանապարհից։ Անվհատ կերպով եւ ամենայն կարգապահութեամբ պիտի հետեւողականութիւն ցուցաբերել նպատակին հասնելու համար։
Եօթերորդ՝ յեղափոխականութիւն։ Դաշնակցական երիտասարդը պիտի յեղափոխական նկարագիր ունենայ։ Մարտունակ լինի։ Յեղափոխութիւն ո՛չ միայն դասական իմաստով, այլ նաեւ յեղափոխութիւն մտքերի ու արժէքների հարցում։ Պիտի պայքարել քարացած մտքերի ու կարծրատիպերի, հաշտուողականութեան ու յարմարուողականութեան դէմ։
Ութերորդ՝ քննադատական միտք։ Դաշնակցութեանը կոյր հետեւորդներ պէտք չեն, այլ քննադատական միտք ունեցող երիտասարդներ։
Երիտասարդներ, ովքեր հալած իւղի պէս չեն ընդունում ամէն բան եւ մտածելու ու վերլուծելու կարողութիւն ունեն։ Երիտասարդներ, ովքեր կարող են նոր միտք, նոր գաղափար, նոր գործելաոճ բերել Դաշնակցութիւն։ Նորարարական միտքը կարեւոր է պայքարի շարունակականութիւնը ապահովելու եւ յաջողութեան համար։
Իններորդ՝ պետականասիրութիւն։ Պետութիւնը ժողովրդի քաղաքական կազմակերպուածութեան բարձրագոյն մակարդակն է։ Պետութիւնն է, որ երաշխաւորում է ազգի անվտանգութիւնը, պաշտպանում է իր քաղաքացիների իրաւունքը, ապահովում է երկրի զարգացումը։ Մենք դարեր շարունակ պետութիւն չենք ունեցել, իսկ 1991 թուականից, ի դէմս վերանկախացած Հայաստանի, արդէն 34 տարի է ինչ ունենք պետութիւն։
Ինչքան պետութիւնը հզօր լինի՝ այդքան պաշտպանուած կը լինի քաղաքացին։ Մեր պարագային՝ ինչքան հայոց պետութիւնը հզօր լինի՝ այդքան պաշտպանուած կը լինի հայ մարդը։ Հետեւաբար պետութեան հզօրութեանը նպաստելը իւրաքանչիւր հայ մարդու, իւրաքանչիւր դաշնակցական երիտասարդի պարտականութիւնն է։
Սիրելի՛ ընկերներ,
34 տարի է անցել Հայաստանի Հանրապետութեան վերանկախացումից։ Այսօր Հայաստանը կանգնած է բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ։
Բազմաթիւ մարտահրաւէրների առջեւ է կանգնած նաեւ Սփիւռքը։ Մտածել, որ կը գայ այն օրը, երբ մարտահրաւէր չենք ունենայ՝ սխալ է։
Մարտահրաւէրները կը շատանան կամ կը պակսեն, բայց չեն վերանայ։ Այստեղից էլ «Յարատեւ կռուի» գաղափարը։ Մեր պայքարը անվերջ է եւ հետեւաբար պիտի ամենայն համբերատարութեամբ, աննկուն կամքով, ամէնօրեայ աշխատանքով դիմագրաւել այդ մարտահրաւէրները՝ յանուն Հայաստանի ու հայութեան վառ ապագայի, յանուն հզօր երկիր ու պետութիւն եւ հզօր Սփիւռք ունենալու։
Հանքաւան 16 Յուլիս, 2025 թ.
Սարգիս Մկրտչեան