Իրանահայ նահատակներու լուսանկարները տեղադրւեցան «Սուրբ Մարիամ» մետրոկայանի պատերուն վրայ

30 de septiembre de 2026

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 28-ին, Թեհրանի մետրոպոլիտենի «Ս. Մարիամ» մետրոկայանի դահլիճում տեղի ունեցաւ իրանահայ նահատակներու լուսանկարներու մնայուն ցուցադրութեան բացումը։

Ծրագիրն իրականացւել է Թեհրանի քաղաքապետարանի մշակութային հարցերու գրասենեակի եւ մետրոպոլիտենի մշակութային բաժնի նախաձեռնութեամբ՝ Թեհրանի նահատակներու հիմնադրամի համագործակցութեամբ եւ Իսլ. Խորհրդարանի իրանահայ պատգամաւոր դկտր. Արա Շահվերդեանի ջանքերով։

Միջոցառմանը ներկայ էին Թեհրանի մետրոպոլիտենի մշակութային եւ հասարակական հարցերու պատասխանատուները, Թեհրանի նահատակների հիմնադրամի գլխաւոր տնօրէնը, պատգամաւոր դկտր. Շահվերդեանը, Թ. Հ. Թ. Պատգամաւորական ժողովի եւ Թեմական խորհրդի ատենապետն ու ներկայացուցիչները, ինչպէս նաեւ քահանայ հայրեր։

Նշենք, որ իրանահայ նահատակների լուսանկարները մետրոկայանում տեղադրելու հարցը իրանահայ համայնքում վերածւել էր հանրային պահանջի, յատկապէս՝ մետրոկայանի պատերին ասորի նահատակների լուսանկարների տեղադրումից յետոյ։ Համայնքի ներկայացուցիչների դիմումներից յետոյ հարցը դկտր. Արա Շահվերդեանի կողմից ներկայացւեց համապատասխան պետական մարմիններին։

Պատգամաւորի հետեւողական աշխատանքի եւ պետական պատասխանատու օղակների հետ իրականացւած հանդիպումների արդիւնքում որոշւեց, որ տեղադրւեն նաեւ իրանահայ նահատակների լուսանկարները։

Պատգամաւորի փոխանցմամբ՝ հաշւի առնելով իրանահայ նահատակների լուսանկարների մեծ թիւը՝ դրանք մետրոկայանում կը ցուցադրւեն հերթափոխով։

Սկզբնական փուլում տեղադրւել են 20 նահատակի լուսանկարներ, որոնց թւում են ողջ հարազատներ ունեցող անունները։ Յաջորդ փուլում կը ցուցադրւեն այլ 20-ի լուսանկարները, որոնց ծնողներն ու հարազատներն այլեւս ողջ չեն կամ երկրից բացակայում են։ Ցուցադրութեան համար այժմ պատրաստւել է թւով 60 նահատակի լուսանկար:

Այս սկզբունքով լուսանկարները կը փոխարինւեն պարբերաբար՝ մի քանի ամիսը մէկ, հնարաւորութիւն տալով ներկայացնելու իրանահայ նահատակների հնարաւորինս մեծ թիւ։

Այսպիսով, իրանահայ նահատակների լուսանկարները տեղ են գտել մետրոկայանի յիշատակի պատին՝ հանրային տարածքում նրանց յիշատակը յաւերժացնող մնայուն ցուցադրութեամբ։

Լուսանկարները` ՀԱՏԻՍԻ

Compartir: